Home / Տեսանյութեր / Մեղավո՞ր էինք, որ կենտրոնում ենք ծնվել. պետությունից տուժածները շահում են միայն ՄԻԵԴ-ում

Մեղավո՞ր էինք, որ կենտրոնում ենք ծնվել. պետությունից տուժածները շահում են միայն ՄԻԵԴ-ում

«Հանրային գերակա շահ» անվան տակ Երևանի կենտրոնի բնակարանատերերին իրենց սեփականության իրավունքից զրկելու և տներից հանելու՝ Կառավարության կողմից նախաձեռնված գործընթացը սկսվել է 2004 թվականին, և այդ ժամանակից ի վեր ոչ մի քաղաքացու չի հաջողվել ՀՀ դատարաններ դիմելով պաշտպանել իր իրավունքները: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն» ակումբում հայտարարել է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը:

Խնդրո առարկա շենքերը գտնվում էին Երևանի կենտրոնում՝ հիմնականում ներկայիս Հյուսիսային պողոտայի տարածքում։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք` 2004 թվականին, տվյալ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, և այդ հատվածում բնակվող շենքերի և տների բնակիչների մեծ մասը բռնի կերպով տեղահանվել է։ Նրանք հրաժարվում էին լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, որը մի քանի անգամ ավելի ցածր է եղել, քան Երևանի կենտրոնում տարածքների գինն էր։

«Միայն Եվրոպական դատարանում են հաղթանակներ եղել: Եղել է 12 վճիռ, որոնց հիման վրա ՀՀ-ն մոտ 700 հազար դոլար գումար է վճարել այդ քաղաքացիներին: 2006 թվականին, երբ կառավարությունը հասկացավ, որ մարդիկ կան, որ կարող են գնալ մինչև վերջ, ընդունեցին օրենք՝ բացառիկ հանրային գերակա շահի օրենքը, մինչ այդ առանց օրենքի էին մեզ հանում տներից դուրս»,- ասել է Սեդրակ Բաղդասարյանը:

Վերջինս Բուզանդի փողոցի վրա բնակարան է ունեցել, և զրկվել է դրանից: Նա ՄԻԵԴ-ում հաղթած հայցվորներից մեկն է:

«Մեր մեղքը նա էր, որ մենք [Երևանի] կենտրոնում էինք ծնվել, և մեզ պետք է հալածեի՞ն»,- ասել է Բաղդասարյանը:

Նա նշել է, որ 2006 թվականիից Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող Ֆիրդուսի փողոցի տարածքը 4 անգամ տվել են «Գլենդել Հիլզ» ընկերությանը, և, չնայած այդ ընկերությունը ձախողել է վերակառուցման ծրագիրը, քաղաքապետարանը 4 անգամ ընտրել է նույն «Գլենդել Հիլզին»:

«Երկրորդ՝ Կոնդի տարածքը, այնտեղ կառուցապատողը սնանկացավ, և սեփականատերերը, պայմանագրերը ձեռքներին, չկարողացան բնակարան ստանալ, ոմանք պայմանագրերը ձեռքներին մահացան: Նրանք էլ էին չէ՞ հանրության մի մաս: Տիգրան Մեծ և Հանրապետություն փողոցների տներից մարդկանց հանեցին, հետո ասեցին՝ տուն կտանք Գինու գործարանի մոտ, մինչև հիմա դրսում են: Մարդիկ գնացել են բողոքի ակցիաներ են արել Կառավարության շենքի մոտ, պառկել են նախագահի մեքենայի առջև, չի ստացվել»,-ասել է Բաղդասարյանը: