Home / Հայաստան / Անկարայից ասել են՝ թուրքական ուղղաթիռները ՀՀ սահմանը հատել են վատ եղանակի պատճառով․ «Հրապարակ»

Անկարայից ասել են՝ թուրքական ուղղաթիռները ՀՀ սահմանը հատել են վատ եղանակի պատճառով․ «Հրապարակ»

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ շաբաթվա սկզբին թուրքական ուղղաթիռները հատել են հայ֊թուրքական սահմանը։

Թերթն ընդգծում է, որ երեկ տեղեկություն էր հրապարակել, որ երկու օր առաջ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է թուրքական ուղղաթիռների կողմից հայկական սահմանը հատելու հարցը։

«Այս մասին, իհարկե, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին ոչինչ չէր ասել, երեկ էլ մեզ հետ զրույցում, անակնկալի գալով մեր հարցից, փորձեց համոզել, թե ինքը բանից անտեղյակ է, նման հարց չի քննարկվել, տեղեկություն չունի եւ այլն։ Մյուս կողմից էլ նշեց, որ պարտավոր չէ մեզ ասել, թե ինչ խոսակցություն է եղել նիստի ընթացքում կամ նիստից դուրս։ Սակայն ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի սահմանն ապօրինաբար հատելու փորձը և մանրամասն պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել», ֊ գրում է թերթը:

Մովսիսյանի խոսքով՝ սահմանի հատման դեպքերը գրանցվել են հոկտեմբերի 6-ին և 7-ին, 2-4 րոպե տևողությամբ։

«Հատուկ ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ: Մեր «Հայաէրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից, էդ բոլոր ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաև ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է իրենց կողմից գալիս։ Երկու օր անընդմեջ Հայաստանի սահմանը հատողները եղել են ռազմական ուղևորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում՝ Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել: Անկարայի կարգավարն ասել է, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել, փորձել է շրջանցել վատ եղանակային իրավիճակը: Սակայն ուղղաթիռները Հայաստանի սահմանը հատելու թույլտվություն չեն ունեցել», ֊ ասել է չինովնիկը:

Պատասխանելով այն հարցին, թե նման իրավիճակներում ինչ գործողություններ պետք է իրականացվեն հայկական կողմից, Մովսիսյանը նշել է, որ նախևառաջ, պետք է ճշտվի հատման պատճառը։

«Երբ որ երևում է, թե ուղղաթիռը 2-4 րոպեի ընթացքում պտտվում և սահմանից դուրս է գալիս, այսինքն՝ սահմանին զուգահեռ է թռիչքն իրականացնում, մենք, առաջին հերթին, պետք է ճշտենք՝ կարող է իրոք, անվտանգության կանոններից ելնելով, նմանատիպ իրավիճակներ են ստեղծվել: Դրա համար կան միջազգային փաստաթղթեր, նաև հարևան պետությունները պետք է իրար հետ ունենան միջազգային համաձայնագրեր նման դեպքերի համար, որ իրոք սահմանի հատում կարող է լինել, բայց դա նախապես պետք է համաձայնեցված լինի: Իհարկե գիտեք, որ Թուրքիայի պարագայում մենք նախապես համաձայնեցված մի շարք փաստաթղթեր պետք է ունենայինք, որը չունենք: Դրա համար էդ համաձայնեցումը նախապես Թուրքիայի պարագայում չի եղել: Բայց ամբողջ աշխարհում սա ընդունված աշխատաոճ է քաղաքացիական ավիացիայի բնագավառում», ֊ նշել է նա:

Հարցին, թե քաղավիացիան իրավունք ունի՞ նման դեպքերում որևէ պատժիչ գործողություն իրականացնելու, Մովսիսյանը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ «մենք ոչ ռեսուրսներ ունենք, ոչ էլ իրավունքներ ունենք էդ տեսակետից: Դրանք պետք է իրականացվեն զինվորական մարմինների կողմից»:

Զրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում