Home / Տեսանյութեր / Ծաղկաշատում հանքին դեմ են․ աշխատատեղերը գյուղացիներին հարկավոր չեն

Ծաղկաշատում հանքին դեմ են․ աշխատատեղերը գյուղացիներին հարկավոր չեն

Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող տեղանքում հանքարդյունաբերական հետազոտություններ անելու մասին հանրային լսումներից և ոչ մեկը չի անցկացվել այդ համայնքում։ Ավելին` առաջին լսումները չեն անցկացվել նաև ազդակիր 5 համայնքներից որևէ մեկում, այլ՝ հանքարադյունաբերող «Թեղուտ» ՓԲԸ-ի գործարանի տարածքում: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Ծաղկաշատի համայնքապետ Հրաչյա Պարանյանը:

Գյուղապետի խոսքով՝ երկրորդ անգամ ինքը դիմել է, որ հանրային լսումները հենց գյուղում լինեն, սակայն այդ անգամ լսումներն անցկացվել են Ալավերդի քաղաքում:

«Մենք գնացինք, քաղաքում ասեցինք, որ դեմ ենք, չենք տալիս ստուգումներ անելու թույլտվություն: Դեռ Սովետի ժամանակ արվել է ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ ծանր մետաղներ կան, ուրան կա, ժողովուրդը մտահոգ է, տուն տեղ ունի գյուղում», – ասել է գյուղապետը:

Պարանյանի խոսքով՝ հանքաարդյունաբերողի կողմից առաջարկվող աշխատատեղերը ծաղկաշատցիներին պետք չեն:

«Անասուն ունենք, կաղամբ, ճակնդեղ, կարտոֆիլ ենք աճեցնում, անտառի բարիքներից էլ օգտվում ենք: Ծաղկաշատում աշխատանք կա, աշխատող չկա», – ասել է Պարանյանը:

Ծաղկաշատցիները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով թույլ չտալ հանքի շահագործման ծրագիրն իրականացնել: Բաց նամակը ստորագրել են գյուղի 300 բնակիչների 95 տոկոսը:  

Լուսանկարում՝ Թեղուտի հանքավայրը