Home / Տեսանյութեր / Ղարաբաղի հարցի շուրջ ցանկացած սխալ հաշվարկ պատերազմի կհանգեցնի․ դե Վաալ

Ղարաբաղի հարցի շուրջ ցանկացած սխալ հաշվարկ պատերազմի կհանգեցնի․ դե Վաալ

Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը կարող է ավելի շատ վնաս տալ, քան՝ օգուտ: Այս մասին politico.eu կայքում գրում է Կարնեգիի հիմնադրամի բրիտանացի վերլուծաբան, Հարավային Կովկասի հարցերով Թոմ դե Վաալը։

«Ղարաբաղյան հակամարտությունը՝ նախկին Խորհրդային Միության ամենահին ու վտանգավոր կոնֆլիկտը, կրկին զարթոնք է ապրում: Հայաստանի ու Ադրբեջանի միջև 1994-ին կնքված զինադադարի գոտում ուժեղ լարվածություն կա: Դիպուկահարների երբեմնի ժամանակ առ ժամանակ հնչող կրակոցների փոխարեն՝ այժմ ականանետներ են կիրառվում: Հրթիռներ են տեղում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև՝ Ղարաբաղում շփման գծի արևելյան հատվածում: Վերջին շաբաթվա ընթացքում շուրջ մեկ տասնյակ զոհեր են գրանցվել:

Դեռևս վաղ է խոսել լայնամասշտաբ պատերազմին վերադառնալու մասին, սակայն Բաքվի ու Երևանի ղեկավարները խրվում են պատերազմական դիրքերի մեջ, որոնցից հրաժարվելը նրանց համար հեշտ չի լինի:

Խոսքս «Ռուսաստանի ձեռքի» մասին չէ, չնայած՝ Ռուսաստանի վարքը չի օգնում: Կովկասի վտանգն այն է, որ այստեղ ոչ ոք լիարժեք ղեկավար չէ, և որ Ղարաբաղը վերածվում է Ուկրաինայից Սիրիա ձգվող անկարգության շղթայի հերթական օղակի, որտեղ Ռուսաստանը խառնված է, բայց լիարժեք կերպով իրավիճակը չի վերահսկում:

Ղարաբաղյան հակամարտությունը երբեք էլ «սառեցված» չի եղել: Ոչ էլ Ռուսաստանն է երբևէ վերահսկող ձեռք ունեցել: Դրա առանցքային դինամիկան միշտ էլ եղել է տեղական ու բխել է երկու կատաղի ազգայնական շարժումների՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումից: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, երկու երկրները գնացին պատերազմ: 1994-ին, 20,000 մարդու մահանալուց ու ավելի քան մեկ միլիոնի՝ փախստականի վերածվելուց հետո, հայերը հաղթանակ տարան, ու ստորագրվեց զինադադար:

Այդ ժամանակվանից ի վեր՝ չլուծված հակամարտությունը կասեցրել է ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի զարգացումը, սակայն կողմերից ոչ մեկը պատրաստ չէ գնալ խաղաղության համար անհրաժեշտ ցավոտ փոխզիջումների: Հայաստանի կիսաժողովրդավարական ու Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության համար ռեժիմի գոյությունը բացարձակ առաջնահերթություն է: Նրանք վախենում են փոփոխությունից ու պարբերաբար օգտագործում են «Ղարաբաղի խաղաքարտը» ժողովրդին դրոշի շուրջը համախմբելու նպատակով:

Վերջին երկու տարիների ընթացքում նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանը վերածել է Եվրոպայի ամենաբռնապետական երկրի, միևնույն ժամանակ՝ ակտիվացրել իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ հայերին անվանելով «ֆաշիստներ» ու «ահաբեկիչներ»: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին սրեց իր քաղաքական հռետորաբանությունը՝ հրաժարվելով իր նախկին՝ հանրային չեզոքության դիրքորոշումից ու Ղարաբաղն անվանեց «Հայաստանի անբաժան մաս»:

Ռուսաստանը փորձում է վերահսկել վտանգավոր իրավիճակը, սակայն առանց թելերը քաշելու։ Ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորումը բխում է Մոսկվայի ռազմավարական շահերից, ու Կրեմլը երբեմն կատարում է պատասխանատու խաղաղարարի դերը, ինչպես, օրինակ, 2011֊ին արեց Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանը, սակայն, հակամարտությունը պարբերաբար օգտագործում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ մարտավարական առավելություններ շահելու ու Հարավային Կովկասում հենակետային դիրքերը պահպանելու նպատակով:

90-ականների պատերազմի ժամանակ Մոսկվան, մինչ կոնֆլիկտի վերջին փուլում Հայաստանին օժանդակելը, խաղում էր երկու կողմերից:

Վերջերս Ռուսաստանն ամրապնդեց իր երկարաժամկետ դաշինքը Հայաստանի հետ՝ ստորագրելով մինչև 2044 թվականը տևող վարձակալության նոր պայմանագիր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ ու Հայաստանին հրավիրելով Եվրասիական միություն: Միաժամանակ, Մոսկվան մտերմացել է Ադրբեջանի հետ ու սկսել այդ երկրին ծանր սպառազինություն վաճառել:

Ֆրանսիային ու Միացյալ Նահանգներին զուգահեռ, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂՀ հակամարտության երեք միջնորդներից է: Մինսկի խումբը վերջերս վերածվել է հակամարտության կառավարման վարժություն իրականացնողի՝ կոնֆլիկտի լիարժեք կարգավորման հասնելու չնչին ձգտմամբ և ունակությամբ:

Ռուսաստանի ու Արևմուտքի միջև Ուկրաինայի շուրջ ծագած վեճն էլ ավելի է թուլացրել խաղաղության գործընթացն ու փչացրել տրամադրությունը: Ինչպես Սիրիայի դեպքում, նրանք, հնարավոր է, նույն նպատակներն ունեն, սակայն, ակներևաբար, ունեն տարբեր պատկերացումներ՝ ինչպես հասնել դրանց… ու շատ քիչ վստահություն միմյանց հանդեպ:

Եթե Ռուսաստանը հստակ կայսերական նախագիծ ունենար, դրա հետ գործ ունենալը հնարավոր է շատ ավելի հեշտ լիներ. բայց եթե Կովկասում ու ամբողջ հետխորհրդային տարածքում որևէ ծրագիր կա, ապա այն չի աշխատում: Ընդհանրապես, Ռուսաստանի վերջին գործողություններից ավելի շատ ռեֆլեքսի, փիառի և իմպրովիզացիայի հոտ է գալիս, քան՝ մեծ ռազմավարության: Այն ամենուր իր հետևից անկարգություններ է թողնում:

Դիտարկենք հասանելի ապացույցները. նախագահ Պուտինը մեկ գործառնական հաղթանակ տարավ 2014-ին Ղրիմի անեքսիայի տեսքով, սակայն այնտեղ նա արդեն իսկ ուներ վերահսկողության բազմաթիվ լծակներ ու լայն աջակցություն, իսկ Կիևում այդ ժամանակ գրեթե չկար կառավարություն:

Պուտինը ձախողեց իր «Նովոռոսիա» ծրագիրն Ուկրաինայում, ու Դոնբասը վերածվեց հանցագործ ծայրահեղականների կողմից ղեկավարվող գարշելի անհնազանդ խառնաշփոթի:

Աբխազիան ու Հարավային Օսիան, որոնց Ռուսաստանը 2008-ին բավական հապճեպորեն ճանաչեց որպես անկախ պետություններ, քաղաքական ու ֆինանսական բեռ են Մոսկվայի համար, որոնք պարբերաբար տհաճ անակնկալներ են մատուցում: 2011-ին Կրեմլին նույնիսկ չհաջողվեց այնպես անել, որպեսզի իր սեփական թեկնածուն առաջին փորձից ընտրվեր որպես Հարավային Օսիայի նախագահ: Այդ երկու տարածքներն անկախ ճանաչելը, ինչն աջակցություն չի գտել որևէ այլ խոշոր պետության կողմից, վերացրել է Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունները, ինչը Մոսկվայի համար պետք է շատ ավելի մեծ առաջնահերթություն լիներ:

Հետխորհրդային տարածքում Պուտինի համար ոչինչ ըստ ծրագրի չի ընթանում: Նա տեսնում է Ուկրաինա, որը ցանկանում է խզել կապերը Ռուսաստանի հետ: Տեսնում է առաջնորդներ, ինչպես Ուզբեկստանում, որոնք միապետական ամրոցներ են կառուցում օտարների դեմ: Առաջնորդներ, այդ թվում՝ իր Եվրասիական միության անդամներ Ղազախստանի ու Բելառուսի ղեկավարները, որոնք գամված են Մոսկվայի ու Արևմուտքի միջև:

Ադրբեջանն Ուզբեկստանի կարգի երկրների շարքին է հավասարվում. Ալիևն իր ռեժիմն ապահովագրում է իշխանության փոփոխության ցանկացած սպառնալիքից քաղաքացիական հասարակության, մամուլի ու ընդդիմության մնացորդների դեմ զանգվածային հետապնդումների միջոցով: Այս ամենն Ադրբեջանին հեռացրել է Արևմուտքից ու մոտեցրել Ռուսաստանին, սակայն Ադրբեջանը, իր էներգետիկ շահերով ու Թուրքիայի հետ սերտ կապերով, երբեք Ռուսաստանի լիարժեք դաշնակիցը չի լինի:

Հայաստանը, ինչպես Բելառուսն ու Ղազախստանը, փորձում է հավասարակշռություն պահպանել. լինելով Ռուսաստանի ֆորմալ դաշնակիցը՝ երկիրը ձգտում է լավ հարաբերություններ պահպանել Վրաստանի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգնեի հետ:

Ամենակարևորն այն է, որ Մոսկվան ի վիճակի չէ իր կամքը թելադրել երկրներից և ոչ մեկին, հատկապես ազգային շահերից բխող այնպիսի հարցում, ինչպիսին Ղարաբաղն է: Այնուամենայնիվ, կողմերից յուրաքանչյուրին զենք վաճառելով ու փորձելով նրանց միմյանց դեմ դուրս բերել՝ Ռուսաստանն ապակայունացնում է 1994-ին հաստատված խաղաղությունը:

Կովկասն այժմ շատ անկայուն ու անկանխատեսելի տեսք ունի: Վերջին հայ-ադրբեջանական բախումները մեծացնում են ավելի լուրջ միջադեպի վտանգը. ցանկացած սխալ հաշվարկ կարող է հանգեցնել պատերազմի, որը ոչ ոք չի ուզում, սակայն որից կողմերից ոչ մեկը չի պատրաստվում նահանջել:

Ռուսաստանի վարքն էլ ավելի է վտանգում իրավիճակը, սակայն ներկայումս ոչ ոք այդ մղձավանջային սցենարը խափանելու կարողությունը չունի: