Home / Հայաստան / Ակցիաներ և գործադուլ․ Թուրքիայի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել

Ակցիաներ և գործադուլ․ Թուրքիայի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել

Թուրքիայի մի շարք քաղաքներում հոկտեմբերի 12֊ին անցկացվել են ցույցեր, երթեր, հայտարարվել են գործադուլներ՝ ի նշան բողոքի Անկարայում հոկտեմբերի 10֊ի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման, որի ընթացքում երկու պայթյուն էր հնչել և առնվազն 97 մարդ էր զոհվել, հաղորդում է թուրքական «Հյուրիեթը»։

Զանգվածային բողոքի ակցիաների ու համազգային գործադուլի կոչերով հանդես են եկել Թուրքիայի առաջատար արհմիություններն ու մասնագիտական կազմակերպությունները։ Հոկտեմբերի 12֊ի ակցիաներ և երթեր են ընթացել են տասնյակ զոհերի հուղարկավորություններին զուգահեռ, գրում է թերթը։

Երթերից մի քանիսի ժամանակ բախումներ են գրանցվել քրդամետ ուժերի և ոստիկանության միջև։ երկրի տարբեր քաղաքներում ակցիաներին և երթերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, համերաշխության ակցիաներ են կազմակերպվել եվրոպական մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում և Բերլինում։

Ստամբուլի Մալթեփե շրջանի թաղապետարանի աշխատակիցները, այդ թվում՝ թաղապետ Ալի Քիլիչը, երկուշաբթի գործադուլ են հայտարարել ու երթ կազմակերպել դեպի Մալթեփեի հրապարակ։ Ցուցարարները պարզել էին «մենք սգում ենք, մենք բողոքում ենք» գրությամբ պաստառներ։ Նույն օրը դասերը բոյկոտել են Թուրքիայի մի շարք համալսարանների բազմաթիվ ուսանողներ։

Խոսելով մի քանի արհմիությունների ու կազմակերպությունների անունից՝ Անկարայի Բժշկական ասոցիացիայի ղեկավար Չեթին Աթասոյը դատապարտել է ահաբեկչական հարձակումն ու խորին վիշտն արտահայտել զոհերի վերաբերյալ։

«Մենք բոլորս սգում ենք։ Ամբողջ Թուրքիան այսօր և վաղը գործադուլ է հայտարարելու»,֊ հոկտեմբերի 12֊ին ասել Աթասոյը։

«Հյուրիեթի» համաձայն՝ մեկը մյուսի հետևից տեղի են ունենում զոհերի հուղարկավորության արարողությունները, որոնցից շատերը «վերածվում են հանպատրաստի հակակառավարական հավաքների»։ Սգացողներն ու ցուցարարները, ըստ թերթի, վանկարկում են «մարդասպան Էրդողան» և «մարդասպան պետությունը կվճարի»։

ankararally1

Հոկտեմբերի 12֊ին տեղի է ունեցել նաև ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ հարձակման հետևանքով զոհված պատգամավորական թեկնածու Քյուբրա Մելթեմ Մոլլաօղլուի հուղարկավորությունը։ Կուսակցության համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը մասնակցել է արարողությանն ու իր ցավակցությունը հայտնել Մոլլաօղլուի ընտանիքին ու հարազատներին։

Նշենք, որ շաբաթ օրը մի շարք արհմիություններ և հասարակական կազմակերպություններ Խաղաղության հանրահավաք էին անցկացրել Անկարայում՝ բողոքելով երկրի արևելքում կառավարական զորքերի և Քրդական բանվորական կուսակցության զինյալների միջև ընթացող ռազմական գործողությունների դեմ։ Պայթյունները չկանխելու համար Սելահեթին Դեմիրտաշը մեղադրել էր իշխանություններին։ Համաձայն իրավապահների վարկածի, պայթյունն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները։