Home / Տեսանյութեր / ՀԱԿ փոխնախագահը պնդում է՝ ոստիկանության ներկայացումներին չի մասնակցի

ՀԱԿ փոխնախագահը պնդում է՝ ոստիկանության ներկայացումներին չի մասնակցի

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի մասնակցի իր հայտարարության առթիվ Ոստիկանությունում սկսված քննությանը, քանի որ իրավապահ համակարգի նկատմամբ վստահություն չունի։ Այս մասին նա նշել է տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ Ոստիկանությունը զբաղվելու է Զուրաբյանի հայտարարությամբ այն մասին, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագծին։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը նամակ է հղել Զուրաբյանին՝ խնդրելով կաշառք տալու փաստերը տրամադրել ոստիկանությանը: Իր պատասխան հայտարարության մեջ պատգամավորը հայտնել է, որ բացարձակ անվստահություն ունի ոստիկանության, դատախազության և քննչական մարմիների նկատմամբ, որոնք նախկինում բազմիցս ապացուցել են՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերում առաջնորդվել են կոռումպացված ռեժիմի ցուցումներով:

Պատգամավորը նշել է, որ նախկինում իր և խմբակցության կողմից կոռուպցիայի, չարաշահումների դեպքերի, Մարտի 1-ի  հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվել իրավապահ մարմիններին, որոնք, ճշմարտությունը բացահայտելու փոխարեն, հանձն են առել քաղաքական իշխանությունների պահապանի դերը և կոծկել են այդ հանցագործությունները:

«Ձեր նամակն էլ ցույց է տալիս, որ դատախազության և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության գործողությունները զուրկ են իրավական որևէ հիմքից և հետապնդում են բացառապես իշխանության քարոզչական նպատակները: Նման ներկայացումներին մասնակցելու որևէ ցանկություն չունեմ», – ասվում է Զուրաբյանի նամակում: