Գլխավոր / Հայաստան / Բնապահպանության նախարարությունը 10 տարում 81 միլիոնի գրանտ է ստացել

Բնապահպանության նախարարությունը 10 տարում 81 միլիոնի գրանտ է ստացել

Բնապահպանության նախարարությունը 2006-2015թթ. ընթացքում շուրջ 81,3 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ է ստացել Եվրոպական միության տարբեր երկրներից և կառույցներից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից, ՄԱԿ-ից, Կովկասի բնության հիմնադրամից և այլ դոնոր կազմակերպություններից: Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում ստացվել է մոտ 15,9 միլիոն դոլարի գրանտ: Մասնավորապես, այդ գումարով կատարված ծրագրերից են՝ «ՀՀ-ում օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման և սառնարանային տեխնիկայի կառավարման ծրագիր» (1.9 միլիոն), «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգիաարդյունավետության բարձրացում» (2.9 միլիոն), «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» (1․2 միլիոն) և «Քաղաքային կանաչ լուսավորություն» (1,7 միլիոն):

Եվրոպական միության տարբեր կառույցներից վերջին տասը տարում ստացվել է շուրջ 26,8 միլիոն դոլար դրամաշնորհ: Նախարարությանը նշանակալից՝ 2,3 միլիոն դոլար գումար է տրամադրվել «Հարավային Կովկասում հողերի դեգրադացիայի մեղմացման և աղքատության դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում:

2008-2010թթ. տրամադրվել է 7,1 միլիոն դոլար «Արևմտյան ԱԵԿԿԱ երկրներում ջրերի կառավարման» ծրագիրն իրականացնելու համար: 2011-2014թթ. «Օդի որակի կառավարում — Եվրոպական հարևանության և համագործակցության արևելյան երկրներ» ծրագրի շրջանակներում տրամադրվել է 9,9 միլիոն դոլար դրամաշնորհ:

Գերմանական կառույցներից նախարարությունը ստացել է 18,4 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Մասնավորապես, 3,1 միլիոն 2007-2011թթ. «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքի ստեղծում» ծրագրի համար և շուրջ 9,3 միլիոն 2008-2011թթ. «Աջակցություն Հարավային Կովկասում բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտում» ծրագրի համար:

Եվս 13,7 միլիոն դոլար ԲՆ-ն ստացել է ՄԱԿ-ի զարգացման ծրարգրերից: Կովկասի բնության հիմնադրամից ԲՆ-ն ստացել է 1,8 միլիոն դոլար դրամաշնորհ: Այլ միջազգային կառույցներից ընդհանուր առմամբ ստացվել է 4,5 միլիոն դոլար դրամաշնորհ:

ՀԿ֊ն ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունից Բնապահպանության նախարարությունը դրամաշնորներ վերջին տարիների ընթացքում չի ստացել: