Home / Հայաստան / ԵՏՄ֊ի պատճառով ներմուծվող կարգը հարվածելու է հայաստանցի առևտրականներին․ «ՀԺ»

ԵՏՄ֊ի պատճառով ներմուծվող կարգը հարվածելու է հայաստանցի առևտրականներին․ «ՀԺ»

Վերջին օրերին բիզնեսի ու կառավարության ներկայացուցիչները քննարկում են մի նոր կարգ, որը շուտով կգործարկվի Հայաստանում: Խոսքը երրորդ երկրներից Հայաստան ներկրվող այն ապրանքների մասին է, որոնք ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները փորձում են հնարավորինս չանդրադառնալ խնդրին, որպեսզի չխոսեն ԵՏՄ֊ին անդամակցելու բացասական հետևանքների մասին:

Լրագրողը նշում է, որ ապրանքների ցանկն այնքան ընդարձակ է, որ ամբողջությամբ ներկայացնել հնարավոր չէ:

«Մի խոսքով, կարելի է ասել, որ մեր խանութներում վաճառվող ոչ ԵՏՄ-ական ապրանքների մեծ մասը պետք է անցնի սերտիֆիկացիայի ընթացակարգ: Ի՞նչ է դա նշանակում: Դուք «փոքր» գործարար եք, հավաքում եք մի 10 հազար դոլար, գնում Թուրքիա, Դուբայ, Չինաստան և այլուր, շրջում եք առևտրային կենտրոններով, մի քանի օրինակ մի ապրանքից եք առնում, մի քանի օրինակ՝ մի ուրիշ ապրանքից ու բերում Հայաստան՝ վերավաճառելու: ԵՏՄ-ի կանոնակարգերով նման բան այլևս անել չեք կարողանալու: Եթե նույնիսկ որոշել եք մի քանի հատ հեռախոսի լիցքավորման սարքեր գնել Չինաստանից, որ բերեք` տեսնեք ինչպես է դա վաճառվում, պետք է սերտիֆիկատ ունենաք: Դա էլ մի ընթացակարգ է, որտեղ կան ոչ միայն լեգալ` պաշտոնական վճարումներ, այլ նաև պարզ կաշառքներ: Ու կարող է այնպես ստացվել, որ տասը հատ մեկ դոլարանոց լիցքավորիչը ձեզ վրա նստի մի 200 դոլար:

Սա ուղղակիորեն հակասում է արտաքին առևտրի ընթացակարգերի պարզեցման այն «գաղափարախոսությանը», որ մինչև վերջերս բարձրաձայնում էր կառավարությունը», ֊ նշում է Գևորգյանը:

Լրագրողն ընդգծում է, որ պետական մարմինները մարդկանց կսկսեն համոզել, որ սա շատ լավ գործընթաց է, Հայաստան ներկրվող ապրանքները պետք է ստուգվեն, ստանան սերտիֆիկատ և այլն:

«Ի՞նչը ստուգեն: Ստուգեն բջջային հեռախոսի 400 դրամանոց չինական «զարյադչնի՞կը»: Ինչո՞ւ: Ամեն տեսակի «զարյադչնիկի» համար մի 100 դոլար սերտֆիկացման վճար գանձելու համա՞ր: «Զարյադչնիկի» գնորդը գնելիս շատ հանգիստ կարող է ստուգել. չաշխատեց՝ չի առնի:

Կամ ինչու պետք է սերտիֆիկացվի, օրինակ, Եվրոպայից կամ ԱՄՆ-ից ներկրված համակարգիչը, մոնիտորը, «մկնիկը»…: Մեր քնձռոտ լաբորատորիաները ավելի լա՞վ են ստուգում այդ սարքերը, քան դրանք արտադրող երկրներում Հայաստանի մի երկու տարվա բյուջեի գին ունեցող լաբորատոր համակարգերը: Իսկ թե ինչու են այս կանոնակարգերը մտցվում ԵՏՄ-ում, խոսակցության այլ թեմա է», ֊ եզրափակում է Գևորգյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում