Home / Տեսանյութեր / Ինչո՞ւ դեմ լինել Սահմանադրության նախագծին

Ինչո՞ւ դեմ լինել Սահմանադրության նախագծին

Հեղինակ՝ Սոֆյա Մանուկյան

Հոդված՝ Ինչո՞ւ դեմ քվեարկել Սահմանադրության նախագծին

Մի շարք պատճառներից նշենք մի քանիսը:

Նախ անհանգստանցում է նախագծում «բարոյականություն» տերմինի օգտագործումը` որպես մի շարք իրավունքների սահմանափակման պատճառ:

Նախագծում այս տերմինի կիրառումը մի քանի անգամ գերազանցում է նույնիսկ ներկայիս սահմանադրության մեջ դրա կիրառմանը: Այս տերմինը, որն ունի փիլիսոփայական և գաղափարական շատ լայն մեկնաբանություն, օգտագործել որպես իրավունքների սահմանափակման հիմք՝ առանց հստակ պատկերացնելու և բացատրելու, թե ինչպիսի դրսևորումներ են ընկալվում որպես բարոյական, իսկ որոնք՝ ոչ, սպառնում է նրանով, որ այս հիմունքով օրենքի խախտման մեջ մեղադրանքները կարող են կողմնակալ և ոչ անաչառ ընկալվել (կիրառման օրինակներ՝ հոդված 25 կետ 2, հոդված 31 կետ 2, հոդված 32 կետ 2, հոդված 33 կետ 2, հոդված 34 կետ 4, հոդված 35 կետ 3 և այլն):

Մտահոգում է սեփականության իրավունքի հոդվածի հետ տեղի ունեցած փոփոխությունը: Ի տարբերություն ներկայիս գործող Սահմանդրության հոդվածի (հոդ. 31), ըստ որի՝ յուրաքանչյուրս ունենք իրավունք մեր հայեցողությամբ տիրապետելու մեր սեփականությունը առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու, ապա առաջարկվող սահմանադրության մեջ (հոդ. 60) նշված է միայն, որ յուրաքանչյուրս իրավունք ունենք օգտագործելու մեր սեփականությունը մեր հայեցողությամբ: Իսկ շրջակա միջավա՞յրը:

Ամուսնության իրավունքի հետ կապված էլ խնդիր կա: Եթե ներկայիս սահմանադրությամբ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն (հոդ. 35), ապա առաջարկվող սահամանդրությամբ, ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը ունեն միմյանց հետ ամուսնանալու իրավունք (հոդ. 35): Ճիշտ է, ներկայիս սահմանադրությամբ չի նախատեսվում նույնասեռական անձանց ամուսնության օրենքով գրանցում, սակայն նոր սահմանադրությամբ էլ կարելի է «միմյանց» տերմինի կիրառումը դիտարկել որպես ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հարցում հետընթաց:

Խտրականության խնդիր կա նաև նախագծի հետևյալ կետում: Նախագծի հոդված 1-ում հաստատվում է հայ ժողովրդի կողմից սահմանադրության ընդունելիությունը: Բայց չէ՞ որ Հայաստանը միայն հայ ժողովրդից չէ կազմված, այլև այլ էթնիկ խմբերից: Հետևաբար, «հայ ժողովուրդ» արտահայտությունը պետք է փոխարինվի գոնե «Հայաստանի ժողովուրդը» արտահայտությամբ:

Մի քանի խնդրահարույց կետեր էլ կան՝ կապված արդարադատության հետ: Առաջին խնդիրը կապված է սխալ դատապարտման դեպքում փոխհատուցման իրավունքին (հոդ. 62 կետ 2): Ըստ սահմանադրության նախագծի՝ փոխհատուցում սխալ դատապարտման դեպքում կարելի է ստանալ, եթե գործը վերանայվել է, երբ նոր փաստեր են ի հայտ եկել և դրանց հիման վրա սխալ դատապարտումն ապացուցվել է: Սակայն, ըստ մասնագետների կարծիքի, այստեղ անտեսվել է այն հանգամանքը, որ սխալ դատապարտումը հետագայում կարող է հաստատվել նաև առանց նոր փաստերի ի հայտ գալու, այլ ասենք երբ պարզվում է, որ եղած փաստերը քննության ժամանակ անտեսվել են և արդյունքում կողմնակալ որոշում է կայացվել: Չէ՞ որ այս դեպքում ևս կարելի է ապացուցել սխալ դատապարտումը և փոխհատուցել:

Անմեղության կանխավարկածի հոդվածի հետ նախագծում ևս խնդիրներ կան: Երկու կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են անմեղության կանխավարկածին, բացակայում են նախագծում, ի տարբերություն ներկայիս սահմանադրության (նախագիծ՝ հոդված 66, ներկայիս սահմանադրություն՝ հոդված 21): Դրանք են՝ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, և չփարատված կասկածները մեկնաբանվում են ի օգուտ մեղադրյալի:

Մեկ խնդիր էլ վերաբերում է ապացույցների անթույլատրելիությանը: Նախագծում ապացույցը համարվում է անթույլատրելի, եթե այն ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ինչպես ներկայիս սահմանադրությամբ (հոդ. 22), և հիմնական իրավունքների խախտմամբ (հոդ. 63 կետ 3): Սակայն, կրկին, ըստ մասնագետների կարծիքի, ապացույցը կարող է ձեռք բերվել օրենքի խախտումով, սակայն ոչ անպայման հիմնական իրավունքի խախտումով, ինչպես, օրինակ, երբ, ասենք, դեպքի վայրի զննումն իրականացվել է ոչ թե երկու, այլ մեկ ընթերակայի մասնակցությամբ, ինչը օրենքի խատում է, սակայն ոչ հիմնական իրավունքների խախտում:

Ընդհանրապես, նախագծից այնքան էլ բարեփոխումների շունչ չի գալիս: Ավելին, մի շարք կետերում հետընթաց կարելի է նկատել: Հետընթաց է, օրինակ, այն, որ մի շարք հոդվածներում պետությունը այս կամ այն իրավունքը ուղղակի ճանաչում է, բայց չի պարտավորվում այն սահմանադրորեն պաշտպանել: Օրինակ, եթե ներկայիս սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը սահմանվելով որպես նրա իրավունքների ու ազատությունների հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից (հոդ. 14), ապա նախագծով պարզապես ճանաչվում է, որ մարդու անօտարելի արժանապատվությունը նրա իրավունքների և ազատությունների հիմքն է (հոդ. 3 կետ 1):

Կամ, օրինակ, մի շարք իրավունքներ, ինչպես, օրինակ, առողջության պահպանման (նախագծի հոդ. 85), աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքները (նախագծի հոդ. 82) եթե ներկայիս սահմանադրությամբ ամրագրվում են որպես իրավունքներ, ապա նախագծում դրանք իջեցվում են օրենքի մակարդակի, այսինքն, օրենքն է սահմանելու այս իրավունքները և ոչ սահմանադրությունը, ինչն էլ նշանակում է, որ այս իրավունքների խախտման դեպքում սահմանադրական դատարան դիմել հնարավոր չի լինի:

Ցավալի է նաև այն, որ հետընթաց կա նաև շրջակա միջավայրի պահպանության և առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքների առումով: Նախագծում ընդհանրապես բացակայում է ներկայիս սահմանադրության հոդված 33.2-ը, ըստ որի յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում (հոդված 33.2.): Սա նշանակում է, որ պետությունը այս իրավունքն այլևս չի ճանաչում սահմանադրական մակարդակում և չկա նաև հղում օրենքին, որ այդ իրավունքը կկարգավորվի օրենքով:

Ավելին, նախագծից հանվել է նաև գործող Սահմանադրության 10-րդ հոդվածը, ըստ որի պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Դրա փոխարեն կա մի մշուշոտ ձևակերպում, որից ակնհայտ է, որ պետությունը ձեռքերը լվանում է բնապահպանության ասպարեզից: Ըստ այդ ձևակերպման՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (նախագիծ, հոդ. 12 կետ 1):

Դե իսկ մեկ քայլ, որն արվել էր սահմանադրության նախորդ նախագծում (Ն-849-21.08.2015-ՊԻ) և կարելի էր համարել բարեփոխում, այլևս բացակայում է ներկայիս նախագծում: Այն վերաբերում էր Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնմանը, մասնավորապես, նրան, որ Oմբուդսմենը, թեև սահմանափակ դեպքերում, սակայն լիազորված էր կարգավորելու ոչ միայն պետություն-քաղաքացի հարաբերությունները, այլև որոշ դեպքերում նաև մասնավոր սեկտոր և քաղաքացի հարաբերությունները: Այս կետը, միգուցե չափից շատ ծախսատար լինելու պատճառով, այլևս տեղ չունի ներկայիս նախագծում, վերջնականապես վերածելով սահմանադրական բարեփոխումը սահմանադրական ձախողման: Համոզված եմ՝ կլինեն մի շարք այլ պատճառներ էլ, որոնց համար արժի դեմ քվեարկել, բայց որպես մեկը մարդու իրավունքների ոլորտից, ինձ այսքանն էլ սահմռկեցուցիչ է թվում սահմանադրության նախագիծը հավանության չարժանացնելու համար:

Լուսանկարը՝ pastinfo.am