Home / Հայաստան / Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արձագանքում է Չափնիի գյուղապետի հայտարարությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արձագանքում է Չափնիի գյուղապետի հայտարարությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արձագանքել է Epress.am կայքում հոկտեմբերի 14-ին հրապարակված «2011-ին հանքարդյունաբերության համար վերցված հողերի տերերին դեռ չեն վճարել» հոդվածում Չափնիի գյուղապետ Նորայր Թումանյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե կոմբինատը չի վճարել դեռևս 2011 թվականին օտարված գյուղական հողերի համար։

Կոմբինատի պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է․ «ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման հիման վրա հողամասերի օտարման գործարքների իրականացումը տեղի չի ունեցել, քանի որ ի հայտ են եկել կադաստրային քարտեզներում առկա բազմաթիվ անհամապատասխանություններ, որոնց ճշգրտումն անհրաժեշտ է` սեփականատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով:

Կադաստրային քարտեզներում առկա անհամապատասխանությունները ճշգրտելու նպատակով Սյունիքի մարզպետարանի և ձեռքբերողի կողմից համատեղ կատարվել են բազմաթիվ տեղազննություններ, պատրաստվել հողամասերի հատակագծեր, ճշտվել գրանցված իրավունքները, սեփականատերերի ցանկերը, իրականացվել են գույքային միավորների շուկայական գնահատումներ և այլն, ինչը խիստ ժամանակատար գործընթաց է: Որոշմամբ սահմանված տարածքներում առկա հողամասերի նկատմամբ իրավունքները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը չեն փոխանցվել:

2015 թվականի մայիսի 21-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի գյուղական համայնքների վարչական սահմաններում՝ որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 791-Ն որոշումը, որով, արդեն իսկ հստակ սահմանվել են օտարման ենթակա գույքային միավորները, սեփականատերերի ցանկերը և այլ անհրաժեշտ տվյալներ՝ օտարման գործընթացը սահմանված կարգով սկսելու և ավարտին հասցնելու համար:

ՀՀ կառավարության նշված որոշմամբ օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել է 2015 թվականի նոյեմբերի 1-ը, ինչից ելնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը՝ համապատասխան համայնքների հետ համատեղ, նախատեսում է մինչև այդ ժամկետը որոշմամբ սահմանված հողամասերի սեփականատերերին տրամադրել օտարման պայմանագրերի նախագծերը՝ համապատասխան գնային առաջարկներով»:

Արձագանքելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարզաբանմանը՝ Epress.am֊ը հետևյալ հարցերն է հղել Կոմբինատին․

֊ Արդյո՞ք ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշմամբ Չափնիից օտարվելիք հողատարածքների վրա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից որևէ աշխատանք է կատարվել վերջին 4 տարվա ընթացքում:

֊ Արդյո՞ք նշված տարածքը սահմանազատվել/չափարապատվել է գործարանի կողմից։

֊ Արդյո՞ք Չափնի համայնքի ներկայացուցիչները հնարավարություն են ունեցել օգտվել հողերից, տվյալ հողատարածքներում 2011 թվականից ի վեր կատարվե՞լ են գյուղատնտեսական աշխատանքներ:

Ի պատասխան՝ Կոմբինատի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վազգեն Սաղաթելյանը նշել է, որ ընկերությանը «ժամանակ է հարկավոր այս հարցերին պատասխանելու համար, քանի որ դա պահանջում է որոշակի գործընթացներ: Մենք կաշխատենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում պատասխանել Ձեր հարցադրումներին»: