Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանի հայտարարությունը սուտ մատնության հանցակազմ չի պարունակում․ դատախազություն

Լևոն Զուրաբյանի հայտարարությունը սուտ մատնության հանցակազմ չի պարունակում․ դատախազություն

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու մասին հայտարարությունը չի պարունակում սուտ մատնության հանցակազմ՝ նկատի ունենալով, որ նրա արարքում բացակայում է տվյալ հանցագործության հանցակազմի սուբյեկտիվ կողմը (սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ): Այս մասին նշված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Ընդգծելով, որ Զուրաբյանի գործողություններում ուղղակի դիտավորություն չի եղել, Դատախազությունը կարծիք է հայտնում, որ Զուրաբյանն ունեցել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահին և Վենետիկի հանձնաժողովի անդամներին վարկաբեկելու նպատակ։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՀՀ ոստիկանությունում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել` Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու մասին, Զուրաբյանը չի ներկայացել ՀՀ ոստիկանություն, իր հայտարարության շուրջ բացատրություն չի տվել և այն հիմնավորող որևէ փաստական տվյալ չի ներկայացրել, որը հիմք է տվել եզրակացնելու` նրա հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Այսպիսով, Լևոն Զուրաբյանի հայտարարության առթիվ ՀՀ ոստիկանության նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ «սահմանադրական բարեփոխումների նախագահի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու դեպքերի բացակայության և Զուրաբյանի արարքում կաշառք տալու և կաշառք ստանալու մասին սուտ մատնություն կատարելու հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։