Home / Հայաստան / ԵՏՄ֊ին անդամակցելը վատ է ազդում տեղական արտադրողի վրա, բայց լավ է մրցակցության համար․ Շաբոյան

ԵՏՄ֊ին անդամակցելը վատ է ազդում տեղական արտադրողի վրա, բայց լավ է մրցակցության համար․ Շաբոյան

ԵՏՄ անդամությունը դրական է ազդել Հայաստանում տնտեսական մրցակցության վրա: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ասել է Տնտեսական մրցակցության պաշտանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը (լուսանկար): Լրագրողների հետ զրույցում նա մանրամասնել է, որ ԵՏՄ անդամությունից հետո մի շարք նոր տնտեսվարողներ սկսել են Ռուսաստանից պատրաստի ալյուր և հավի միս ներմուծել, ինչը թեև բացասաբար է ազդում տեղական արտադրողների վրա, դրական ազդեցություն ունի մրցակցության առումով:

Պատասխանելով հարցին, թե արդյոք արվել է ուսումնասիրություն Եվրամիության երկրներից Հայաստան ներկրումների ծավալների մասին, Շաբոյանը բացասական պատասխան է տվել։

Որպես ԵՏՄ֊ի անդամակցության մեկ այլ դրական կողմ Շաբոյանը նշել է այն, որ ԵՏՄ մրցակցության կանոններով խիստ պատիժներ են սահմանվելու հակամրցակցային գործունեության համար:

«Սա վերաբերում է հակարմցակցային անդրսահմանային գործողություններին: Եթե հայկական ընկերությունը չարաշահում է իրականացնում ՌԴ տարածքում, կամ հակառակը: Մեր ազգային օրենսդրությունը թողնում ենք այնպիսին, ինչպիսին որ կա: ԵՏՄ օրենքով նախատեսվում է տուգանքների խստացում ԵՏՄ անդամ երկրներում: Նաև սահմանվում է պատիժներ պետական պաշտոնյանների համար, ովքեր կատարում են հակամրցակցային գործունեություն», – ասել է Շաբոյանը:

Epress.am-ի այն հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ հայկական ընկերությունները ավելի քիչ կտուգանվեն, եթե հակամրցակցային գործունեություն ծավալեն Հայաստանում, քան եթե դա անեն Ռուսաստանում, Շաբոյանը դրական է պատասխանել:

«ԵՏՄ մրցակցության կանոններով կարող են տուգանվել հասույթի մինչև 10 տոկոսի չափով, մեր մոտ՝ հասույթի մինչև 2 տոկոսի չափով»,- ասել է Շաբոյանը: