Home / Տեսանյութեր / «Ճնշում ցմահ ազատազրկվածների վրա»․ ինչ է կատարվել «Նուբարաշենում»

«Ճնշում ցմահ ազատազրկվածների վրա»․ ինչ է կատարվել «Նուբարաշենում»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կողմից դատապարտյալների վրա հարձակումը ամենայն հավանականությամբ նպատակ ուներ վախեցնել կամ ճնշում գործադրել ՔԿՀ֊ում գտնվող ցմահ ազատազրկված անձանց վրա, ովքեր սկսել են ակտիվ պայքարել իրենց գործերի վերանայման համար։ Մեկնաբանելով հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած դիմակավորված անձանց մուտքը «Նուբարաշեն»՝ Epress.am֊ի հետ զրույցում ասել է ցմահ ազատազրկված Արեն Չատինյանի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը։

«Ճիշտ է՝ կոնկրետ ցմահ ազատազրկվածների նկատմամբ բռնություն չի գործադրվել, սակայն ես 90 տոկոսով համոզված եմ, որ դա արվում է մեր պայքարը դադարեցնելու համար։ Մենք արդեն սկսել ենք ստորագրահավաք, քաղաքացիները ստորագրելով միանում են մեր պահանջին և հայտարարում, որ դեմ չեն, որ ցմահ ազատազրկվածների գործերը վերանայվեն։ Մենք նաև հայտարարել ենք, որ պատրաստ ենք հացադուլ, նստացույց անել, որ հետ չենք կանգնելու մեր պահանջներից։ Ստորագրահավաքի արդյունքները բերելու ենք Կառավարություն», ֊ ասել է Ալլա Մարտիրոսյանը։

«Նուբարաշենում» տեղի ունեցածի մասին ահազանգել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ինչպես նաև մի քանի ԶԼՄ֊ներ։ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հոկտեմբերի 23-ին «ՔԿՀ վարչության աշխատակիցները գրոհել են հիմնարկը, հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել, շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել»:

«Սա ահավոր մի իրավիճակ է փակված մարդկանց հետ այսպես վարվել»,֊ նշել է Ալեքսանյանը։

Armlur.am֊ը գրել էր, որ կալանավորներին ծեծել են, և ծեծողները, ըստ երևույթին, ՔԿՀ աշխատակիցներ են եղել, ովքեր դիմակավորված են եղել: Սա խուճապի մեջ է գցել կալանավորներին և դատապարտյալներին: Արդյունքում ծեծկռտուքն այնքան է թեժացել, որ վախեցած դատապարտյալները իրենց խցերում ինչ-որ իրեր են վառել, և հրդեհ է բռնկվել:

Քրեակատարողական վարչությունը, իր հերթին, հերքել է, թե դատապարտյալների դեմ բռնություն է կիրառվել։

«ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր, ինչն էլ բնականաբար կարող էր առաջացնել դատապարտյալի կամ կալանավորված անձի դժգոհությունը»,֊ ասված է ՔԿՎ պաշտոնական հայտարարության մեջ։

«Նուբարաշենում» կատարվածի հետքերով ՔԿՀ են մեկնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները։ Խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ այցից հետո հարցեր են կազմվել, ուղարկվելու են Արդարադատության նախարարություն, իսկ մինչ այդ այցի մանրամասներ հրաժարվել է հրապարակել։

«Միայն կարող եմ ասել, որ կայանատեղիում անհամեմատ շատ էին մեքենաներ։ Բակում կային մեծ թվով քրեակատարողական վարչության աշխատողներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ»,֊ ասել է Սարգսյանը։

Մեր հարցին, թե արդյոք ՔԿ վարչության աշխատակիցներն իրավունք ունեն դիմակներով խցեր մտնել, Սարգսյանը պատասխանել է, որ «համազգեստի մասին» խուզարկության մասին կարգում ոչինչ նշված չէ։