Home / Հայաստան / Չի նշում Սուրիկ Խաչատրյանի և Ռուբեն Հայրապետյանի անունները․ ԱԺ֊ում դժգոհ են օմբուդսմենից

Չի նշում Սուրիկ Խաչատրյանի և Ռուբեն Հայրապետյանի անունները․ ԱԺ֊ում դժգոհ են օմբուդսմենից

Հայաստանում մարդու իրավունքների վիճակն այնքան անմխիթար է, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի երկրի համար մեկ ընդդիմադիրը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, ով ԱԺ֊ում ներկայացնում էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան հաշվետվությունը։

«Արտագաղթի երկրորդ պատճառն անպաշտպանությունն է։ Առաջինը հացի խնդիրն է, երկրորդը՝ կյանքի պաշտպանվածության խնդիրը։ Այս տարի միայն Հայաստանից 62 հազար մարդ հեռացել է ու չի վերադարձել։ Ինչո՞ւ են գնում այս մարդիկ»,֊ ասել է Արամ Մանուկյանը։

Նա քննադատել է Անդրեասյանին նրա համար, որ վերջինս, անընդհատ դիմելով ԱԺ դահլիճին, ասում է, որ օրենսդիրից աջակցություն է սպասում, որ օրենսդիրն է իրեն լիազորություններ տալիս։

«Սխալ հասցեով եք եկել։ Մարդու իրավունքների խախտումներն ամենաշատն էստեղ նստածներն են իրականացնում։ Դուք չգիտե՞ք դրա մասին», ֊ հռետորական հարց է հնչեցրել ՀԱԿ խմբակցության քարտուղարը՝ ընդգծելով, որ օմբուդսմենի պաշտպանը միջազգային կոնվենցիաներն են։

Մանուկյանին դուր չի եկել նաև այն, որ օմբուդսմենը խոսում է խնդիրների, խախտումների մասին, սակայն չի նշում, թե ովքեր են դրանք իրականացնում։

«Ձեր զեկույցը ադեկվատ չէ իրականությանը։ Դուք նշում եք երևույթը, սակայն անունները չեք նշում։ Կարող եք չէ՞ նշել, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի մասին ֆիլմեր կարելի է նկարել՝ ինչպես կարող է պաշտոնյան օգտագործել դիրքը՝ ուրիշների իրավունքների ճնշելու համար, հանցագործություններ անելու համար։ Ռուբեն Հայրապետյանի համար թրիլեր կարելի է նկարել», ֊ ասել է Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ՄԻՊ֊ը նաև աչք է փակում ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացրած հաշվեհարդարների վրա․ Մանուկյանը հիշեցրել է Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի գործերը։