Home / Տեսանյութեր / Ինչու չեն կալանավորվել մարտի 1-ին «Չերյոմուխա 7» օգտագործած ոստիկանները․ հարց ԱԺ֊ում

Ինչու չեն կալանավորվել մարտի 1-ին «Չերյոմուխա 7» օգտագործած ոստիկանները․ հարց ԱԺ֊ում

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն։ Այս մասին այսօր ԱԺ֊ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան հաշվետվությանը, որում նշված է, թե 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվել։

«2008 թվականի Մարտի 1֊ի 10 զոհերից երեքը՝ Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը սպանվել են «Չերյոմուխա 7» տեսակի զինատեսակից արձակած կրակոցներից։ Նախաքննության մարմինը հայտարարում է, որ ինքը պարզել է, թե այդ որ ոստիկաններն են օգտագործել «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոց․ նրանց անունները հայտնի են՝ թիվ 10 33 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյան, Վարդան Սահակյան, ինչպես նաև Հայաստանի Ոստիկանության Զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Լևոն Հակոբյան և Ավետիք Աթաբեկյան։ 2009 թվականին այս մարդկանց դեմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373 հոդվածով, այն է՝ զենքի հետ վարման կանոնների խախտումը, որը նախատեսում է պատիժ 4-10 տարի ազատազրկում», ֊ ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող 4 ոստիկանների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, այն դեպքում, երբ կալանքը լայնորեն կիրառվում է Հայաստանում անգամ թեթև ծանրության հանցագործությունների մեջ մեղադրվողների նկատմամբ։

«Հարց է ծագում՝ ինչպես հարևանի հավերը գողացած անձի ազատության մեջ մնալը կխոչընդոտի նախաքննությանը, և դրա համար նրան կալանավորում են, իսկ ՀՀ քաղաքացիների սպանությունն իրականացրածների ազատության մեջ մնալը նախաքննությանը չի խոչընդոտի։ Բայց չմտածեք, թե իշխանությունը հոգ է տանում այդ ենթասպաների մասին։ Երբ այս մարդիկ հայտնվեն բանտում և գիտակցեն, որ այլևս կորցնելու բան կարող է չունենան, կարող են բոլորովին այլ ցուցմունք տալ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,֊ ասել է Փաշինյանը։

Պատգամավորն ասել է՝ գործի նյութերը ցույց են տալիս, որ ավելի քան 4 «Չերյոմուխա 7» տեսակի զենք է կիրառվել, գուցե, մյուս զենքերը կրել են այլ՝ բարձրաստիճան ոստիկաններ։

«Վեց տարի օդում կախված է գործը։ Նույն ոստիկանները ինչ հիմարություն ասես՝ չեն գրել քաղբանտարկյալների մասին, իսկ էն, ինչ տեղի է ունեցել իրենց աչքի առաջ՝ չեն տեսել։ Ու էսքանից հետո ուզում են, որ քաղաքացին հանցագործության մասին հայտնի Ոստիկանությանը։ Ոստիկանությունը բացահայտող է, թող իր տեսածը բացահայտի։ Հայաստանի ոստիկանները ամենագողական ոստիկաններն են, իրանք գրող տղեք չեն»,֊ ասել է Փաշինյանը։

2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։ Նշենք, որ մինչ օրս 10 մարդու սպանության համար ոչ մեկ չի կալանավորվել, ոչ ոք չի դատապարտվել։