Home / Հայաստան / «Օլիգարխիկ հրաշալիք»․ եկամուտներն աճում են, վճարած հարկերը՝ նվազում․ «ՀԺ»

«Օլիգարխիկ հրաշալիք»․ եկամուտներն աճում են, վճարած հարկերը՝ նվազում․ «ՀԺ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող երեք ընկերությունները՝ «Ալեքս Գրիգ», «Սամսեր գրուպ» և «Նատալի ֆարմ», այս տարվա առաջին 9 ամիսներին 2.7 միլիարդ դրամով ավելի քիչ հարկ են վճարել պետբյուջե, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Օլիգարխիկ հրաշալիք» հոդվածում գրում է տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը, ով ուսումնասիրել է Ֆինանսների նախարարության հրապարակած առաջին 1000 հարկատուների ցանկը։

Անցյալ տարի վերոնշյալ 3 ընկերությունները վճարել էին 19.7 միլիարդ դրամ, իսկ այս տարի մոտ 17 միլիարդ դրամ։

«Դասական տնտեսագիտական կանոններով՝ եթե տնտեսվարողի հարկերը նվազել են , ապա նա կամ դրան համարժեք ավելի քիչ եկամուտներ է ստացել, կամ էլ այդքանով մեծացրել է ստվերը։ Արդյո՞ք կարող էին նվազել նրա եկամուտները։ Այս տնտեսվարողը «մասնագիտացած է» առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրման և արտադրության վրա։ Դե, բոլորը գիտեն՝ շաքարավազ, ձեթ, կարագ, պանիր, միս և այլն, և այսպես շարունակ, ընդ որում, որոշ պարենամթերքների ներկրման ոլորտում ունի բացարձակ մենաշնորհ։ Ըստ ՄԱԿ֊ի Պարենամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) պաշտոնական տվյալների, այս տարվա ընթացքում աշխարհում պարենամթերքը թանկացել է ավելի քան 4 տոկոսով։ Հաշվի առնելով դրամի արժեզրկումը՝ կարող ենք արձանագրել, որ պարենամթերքը Հայաստանում դոլարով արտահայտված՝ հարաբերականորեն թանկացել է մոտ 10 տոկոսով։ Իսկ այդ 10 տոկոսը հենց այդ լրացուցիչ գումարն է, որ ստացել են պարենամթերք ներկրողները։ Այլ կերպ ասած, պարենամթերքի ամենախոշոր և տեղ-տեղ բացարձակ մենաշնորհ ունեցող ներկրողների եկամուտները աճել են 10 տոկոսով», ֊ նշում է Գևորգյանը։

Նա հավելում է, որ Ալեքսանյանի հետ կապվող ընկերությունների հարկերը 14 տոկոսով նվազեցնելը տնտեսագիտության տեսանկյունից հրաշք է։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում