Home / Հայաստան / ՀՀԿ֊ականն ակնկալում է՝ դիտորդները կպայքարեն կրկնաքվեարկությունների դեմ

ՀՀԿ֊ականն ակնկալում է՝ դիտորդները կպայքարեն կրկնաքվեարկությունների դեմ

Նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու մասին օրինագծի հեղինակներից ՀՀԿ֊ական Հովհաննես Սահակյանը ԱԺ֊ում հորդորել է քաղաքացիներին, դիտորդներին, կուսակցություններին հետևել և դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թույլ չտալ կրկնաքվեարկություններ։ Սահակյանն այդպես է պատասխանել մի քանի պատգամավորների վերահսկողության այլ տարբերակների կիրառման առաջարկներին։

Մասնավորապես, ավելի վաղ Ազգային ժողովում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկել էր էլեկտրոնային սարքեր տեղադրել նույնականացման քարտերի քվեարկությունը վերահսկելու համար, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ առջարկում էր քաղաքական ուժերին բաժանել բոլոր 1780 ընտրատեղամասերի գրանցամատյանների ցանկերը։ Պատգամավորները նշում են՝ քանի որ նույնականացման քարտի վրա կնիք դնել հնարավոր չէ, մի քարտով մի քանի անգամ քվեարկելը հնարավոր չի լինի վերահսկել։ Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ նույնականացման քարտերով քվեարկությունը ՀՀԿ֊ի կողմից նախաձեռնվել է յուրայիններին կրկնակի քվեարկության հնարավորություն տալու համար, մինչդեռ այսօր Ազգային ժողովում ՀՀԿ֊ական Հովհաննես Սահակյանն ինքն է կոչ արել կեղծիքների դեմ պայքարել։

«Հորդորում եմ, որ հանրաքվեի ժամանակ բոլորս լինենք հետևողական, շարժվենք օրենքով, արձանագրենք խախտումներ, գնանք առաջ։ Մեզ պետք չեն նման արջի ծառայություն մատուցողները։ Ձեր նշած միտումը քրեական օրենսգրքով պատժելի արարք է, և ես չեմ կարծում՝ որևէ մեկը, այն էլ հիմա, գնա նման քայլի։ Ձեր և մեր բոլորի միջոցով իրականացնելու ենք վերահսկողության լավ գործառույթ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ բոլոր խմբակցությունները կարող են ունենալ վստահված անձեր հանրաքվեների ժամանակ։ Փառք Աստծո, այսօր ամենաակտիվ քաղաքական ուժն եք համարվում, ձեր վերահսկողական բոլոր միջոցներով, հանձնաժողովի անդամներով վերահսկեք։ Ես հորդորում եմ, անպայման վերահսկեք»,֊ Հեղինե Բիշարյանին դիմելով՝ ասել է Հովհաննես Սահակյանը։