Home / Հայաստան / Ալիևի կուսակցությունը հաղթեց․ ընդդիմությունն ընտրություններն ամոթալի է անվանել

Ալիևի կուսակցությունը հաղթեց․ ընդդիմությունն ընտրություններն ամոթալի է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Ենի Ադրբեջան» կուսակցությունը հայտարարել է երեկ՝ նոյեմբերի 1֊ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին․ կուսակցությունն ակնկալում է խորհրդարանում հնարավոր 125֊ից առնվազն 70 տեղ զբաղեցնել։

«Ենի Ադրբեջանի» գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը, մասնավորապես, ասել է․ «Ինչպես գիտեք՝ «Ենի Ադրբեջան» կուսակցությունն առաջադրել է ամենամեծ թվով թեկնածուներ։ Ենթադրում ենք, որ մեր թեկնածուները մեծ հնարավորություններ ունեն [անցնելու], և որ ընտրողների զգալի մասն իրենց ձայնը տվել է հենց նրանց»։

Ադրբեջանական ԶԼՄ֊ների հաղորդմամբ, էքզիթ֊փոլերի արդյունքները հաստատում են Ահմեդովի խոսքերը։ Այսպես, իշխանամետ «Els» հետազոտությունների կենտրոնի՝ 118 շրջաններում անցկացրած էքզիթ֊փոլի համաձայն, իշխող կուսակցությունը պահպանել է խորհրդարանում տեղերի կեսից ավելին։ Ընդ որում, իրական ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ խորհրդարան չի անցել։ Ավելին, «Ումիդ» կուսակցության առաջնորդ Իգբալ Ագազադեն կորցրել է իր աթոռն ու այն զիջել Սոցիալ֊դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեին։

Ընտրություններն անցկացվել են բացառապես մեծամասնական ընտրակարգով։

«Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի» դիտարկման արդյունքների համաձայն՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 25%։ Կառույցի տարածած հայտարարության մեջ ասված է՝ պաշտոնական տվյալներում հաշվի են առնված նաև իրականացված «կարուսելները»․ «Պաշտոնական թվերը տարբերվում են իրականից։ Դա ևս մեկ անգամ վկայում է, որ ընտրություններում լուրջ միջամտություններ են եղել»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, մասնակցությունն ընտրություններին կազմել է 55%, իսկ «Ենի Ադրբեջանի» 71 թեկնածու ստացել է պատգամավորական մանդատ։ Բացի դա, խորհրդարան են անցել 11 այլ կուսակցությունների թեկնածուներ։

Ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» կիրակի անցկացված ընտրություններն անվանել է «Ադրբեջանի պատմության մեջ ամենաամոթալին»։

Ճակատի հայտարարության մեջ ասված է․ «Նախապես ծրագրված «կարուսելների» միջոցով իշխանությունն արհեստական կերպով ավելացրել է մասնակցությունը։ Այն, որ պատգամավոր կդառնան անձինք նախապես կազմված ցուցակից, կասկած չի հարուցում։ Ժողովրդի ու միջազգային հանրության աչքերում, սակայն, դրանք ոչ թե ընտրված, այլ՝ նշանակված թեկնածուներ են»։