Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի հանձնարարած ստուգումները Ծառուկյանի ընկերություններում մեծ խախտումներ չհայտնաբերեցին

Սերժ Սարգսյանի հանձնարարած ստուգումները Ծառուկյանի ընկերություններում մեծ խախտումներ չհայտնաբերեցին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ձեռնարկություններից 6-ում ստուգումներն ավարտվել են և առանձնակի մեծ խախտումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առայժմ ստուգումներ չեն իրականացվելկ միայն «Արարատի ցեմենտի գործարանում»։

Խաչատրյանը վստահեցրել է, որ ստուգումները կատարվել են «բացառապես օրենքի սահմաններում»:

«Վերջին տարիներին դուք չեք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմինները քաղաքական գործընթացների մեջ ունենան այնպիսի դերակատարություն, որը հակասում է օրենքին», – հայտարարել է նախարարը։

Հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը չստուգված տեղեկություններ էր հրապարակում, նախարարը պատասխանել է. «Բայց նախագահն ասաց, չէ՞, որ չստուգված են: Ասում էր՝ չստուգված է, ստուգեցինք, տեսանք՝ էական խախտումներ չկան, ի՞նչ եք ուզում»:

Ավելի վաղ Ծառուկյանի՝ հարկային պատասխանատվությունից խուսափելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ  սկսված քննության մասին հարցը Ազգային ժողովում բարձրացրել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը հիշեցրել էր, որ ստուգումների մասին ինքը հարցրել էր դեռևս մայիսի 20-ին, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել էր, որ ֆինանսների նախարարը խոստացել է ստուգումների արդյունքների մասին տեղեկանք տալ մինչև հունիսի 5-ը: Այդ ժամկետից մի քանի ամիս է անցել, իսկ արդյունքները չկան, ստուգումների համար օրենքով նախատեսված բոլոր ժամկետները սպառվել են:

Փաշինյանը, դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ասել էր. «Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը սեպ է խրում ձեր և ձեր խնամի Գագիկ Ծառուկյանի հարաբերություններում. Ձեզ հանձնարարում է բամփել, իսկ ինքը մեդալ է տալիս հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Միլիարդավոր դրամների հարկային պատասխանատվությունից խուսափելու համար սկսել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով պարգևատրե՞լ, թե Գագիկ Ծառուկյանին մեդալ տալով Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրում փետրվարին արած հայտարարությունների համար: Ի վերջո, այս ամենի համար որևէ մեկը հանրությունից պետք է ներողություն խնդրի»,-ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը վերջերս Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կատարած ներդրման համար: