Home / Տեսանյութեր / Աֆրիկայում կործանված օդանավի անձնակազմի անդամները Հայաստանում չեն արտոնագրվել

Աֆրիկայում կործանված օդանավի անձնակազմի անդամները Հայաստանում չեն արտոնագրվել

Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին կործանված ԱՆ-12 ինքնաթիռում եղել է 12 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ, որոնցից հինգը՝ Հայաստանի քաղաքացի, մեկը՝ Ռուսաստանի։ Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ փրկված երկու անձինք, այդ թվում՝ մեկ երեխա, Հարավային Սուդանի քաղաքացիներ են, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 41֊ի, քանի որ ինքնաթիռն ընկել է տեղի ձկնորսների վրա՝ մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանի մոտակայքում։

Իշխանությունները նաև հայտնում են, որ ինքնաթիռը պատկանել է տեղի Allied Services Limited ընկերությանը․ «Կոմսոմոլսկայա պրավդան», սակայն, գրում է, որ 2014 թվականին օդանավը ձեռք է բերվել տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Մինչ այդ՝ 2007 թվականից 2014֊ը, ինքնաթիռը շահագործվել է Հայաստանում, իսկ խորհրդային ժամանակներում՝ Մագադանում։

ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նույնպես նշում է, որ օդանավը պատկանում է Asia Airways֊ին։ Վարչության մամուլի հաղորդագրության մեջ ասված է․ «Ըստ նախնական տվյալների՝ անձնակազմը բաղկացած էր նաև հայազգի օդաչուներից: Տվյալ պահին ՔԱԳՎ-ը կապ է հաստատել Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների հետ անձնակազմի անդամների ազգությունը ճշտելու նպատակով, որոնք ցանկացած դեպքում ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն»: