Home / Հայաստան / Փարիզում հավանության արժանացավ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը

Փարիզում հավանության արժանացավ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը

Երեկ Փարիզում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի (լուսանկարում) հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը։

Ուոլթերը, մասնավորապես, կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը «դուրս բերել հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիարժեք ինքնիշխանությունը»։ Զեկույցի հեղինակը ԵԱՀԿ֊ին առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու և տարածաշրջան խաղարարար ուժեր մտցնելու հարցը։

Ուոլթերն անդրադառնում է նաև 2014֊ի հուլիսին Լեռնային Ղարաբաղում ձերբակալված և հետագայում դատապարտված երկու ադրբեջանցիներին՝ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասքերովին՝ Հայաստանին առաջարկելով ազատ արձակել վերջիններիս։

Զեկույցը պատրաստելու ընթացքում Ուոլթերը համագործակցել է ադրբեջանական կողմի հետ։ Հայաստանյան կողմը հրաժարվել է համագործակցությունից, և այդ փաստը բրիտանացի պատգամավորը դատապարտել է իր զեկույցում։

Զեկույցը պետք է քննարկվի և քվեարկության դրվի ԵԽԽՎ֊ի ձմեռային նստաշրջանում, որը կայանալու է 2016 թվականի հունվարին Ստրասբուրգում։ ԵԽԽՎ զեկույցները ունեն խորհրդատվական բնույթ և պարտադիր կատարման ենթակա չեն: