Home / Տեսանյութեր / Թոշակառուից պահանջում են վերադարձնել «Չեռնոբիլի համար» ստացած պարգևավճարը

Թոշակառուից պահանջում են վերադարձնել «Չեռնոբիլի համար» ստացած պարգևավճարը

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, վարորդ Ռուբիկ Թամրազյանը սոցիալական ծառայության Դիլիջանի բաժնից գրություն է ստացել, համաձայն որի պարտավոր է վերջին երեք տարիներում ստացած թոշակի մի մասը վերադարձնել պետությանը։ Գրության մեջ նշված է, որ 159 000 դրամը չվերադարձնելու դեպքում, գումարը կվերականգնվի դատարանի միջոցով։

Թամրազյանի դուստրը՝ Աննան, Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ հայրը 2011 թվականից սկսել է ստանալ առանձին 3000 դրամ թոշակ՝ որպես Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած և տուժած անձ, և այժմ «Չեռնոբիլի համար» ստացած գումարն են հետ պահանջում։

«Հայրիկը Չեռնոբիլ է գնացել 87 թվականին։ Նրան տարել են 6 ամսով, սակայն 3 ամիս հետո ուղարկել են Հայաստան․ ճառագայթումը շատ էր առողջությունը քայքայել։ Աշխատել է որպես բետոնի միքսերի վարորդ», ֊ պատմել է դուստրը։

Ռուբիկ Թամրազյանը 2007 թվականից սկսել է հաշմանդամության թոշակ ստանալ, 2010 թվականին հաշմանդամություն ունենալու մասին եզրակացությունը տրվել է անժամկետ։

«Անընդհատ դիմել է սոցապ, որ իրեն թոշակ սահմանեն նաև Չեռնոբիլի համար։ 2011 թվականից թոշակը ամսական 3000 դրամ շատ են տվել, պոչտայում հարցրել է, ասել են՝ սա առանձին պետք է ստորագրես, Չեռնոբիլի համար ես ստանում»,֊ ասել է Աննա Թամրազյանը։

Երբ թոշակառուն կանգնել է գումարը վերադարձնելու պարտադրանքի առջև, դիմել է սոցծառայության Դիլիջանի բաժնի պետ Արմեն Խառատյանին։ Թամրազյանի դստեր փոխանցմամբ՝ հայրն ասել է, որ թոշակառու մարդ է, չի կարող 159 հազար դրամը հավաքել վերադարձնել։

Խառատյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը ընդամենը կատարել է նախարարությունից ստացած հրահանգը, և Թամրազյանին խորհուրդ է տվել վերադասներին դիմել։ Խառատյանը պարզաբանել է, որ ամսական 3000֊ական դրամը Թամրազյանը ստացել է սխալմունքով։ Թոշակառուն գումարը ստանում էր որպես զինհաշմանդամի «պարգևավճար», սակայն հետո պարզվել է, որ Թամրազյանը Չեռնոբիլում զինվորական կարգավիճակ չի ունեցել։

«Հիմա իր կենսաթոշակի գործը վերանայվել է, և պարզվել է, որ իր փաստաթղթերում անճշտություն կա»,֊ բացատրել է սոցիալական ծառայության աշխատակիցը։