Գլխավոր / Հայաստան / Հայաստանը մոտ 400 միլիոնի վարկ կվերցնի ջրամբարներ կառուցելու համար․ «Հրապարակ»

Հայաստանը մոտ 400 միլիոնի վարկ կվերցնի ջրամբարներ կառուցելու համար․ «Հրապարակ»

Առաջիկայում Հայաստանում չորս ջրամբար է կառուցվելու։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը։

Կառուցվելիք ջրամբարներից են Վեդու ջրամբարը՝ 29 միլիոն խմ, Եղվարդինը՝ 90 մլն․ խմ, Կապսինը՝ առաջին փուլով՝ 25 միլիոն խմ, երկրորդ փուլով՝ մինչև 60 մլն․ խմ, և Սելավ Մաստարան՝ 10 մլն․ խմ։ Այս ամենն իրականացվելու է վարկային ծրագրերով։

«Արդեն բոլոր փուլերն անցել ենք, Վեդու մասը Ֆրանսիայի կառավարության հետ ենք իրականացնելու, Կապսի ջրամբարը՝ Գերմանիայի կառավարության KFW բանկի միջոցով, Եղվարդի ջրամբարը՝ Ճապոնիայի կառավարության միջոցով։ Չորրորդի հետ կապված՝ դեռևս քննարման մեջ ենք»,֊ ասել է Հարությունյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ ծրագրերը կարժենան մոտ 350֊400 միլիոն դոլար։

Չինովնիկի խոսքով՝ ջրամբարները հնարավորություն կստեղծեն, առաջին հերթին, Սևանը բեռնաթափել, երկրորդ հերթին ոռոգման ամենաթեժ շրջանում ջրով ապահովել, երրորդը՝ այդ ջրամբարներով նաև հնարավորություն կստեղծվի մեխանիկական ջրամատակարարման գործընթացը փոխարինել ինքնահոս ջրամատակարարման գործընթացով, որովհետև բավական լուրջ գումարներ են ծախսվում մեխանիկական ջրամատակարարման համար։

Հարությունյանը նշել է նաև, որ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին իրենք ծրագրում են Վեդու ջրամբարի շինարարության մրցութային գործընթացը սկսել։ Նա նաև նշել է, որ դա երկարաժամկետ գործընթաց է, քանզի ջրամբարաշինությունը բավական դժվար աշխատանք է, և մոտ 5 տարի կտևի դրանց կառուցումը։

Lուսանկարը՝ ablog.gratun.am