Home / Տեսանյութեր / Դատախազությունը ԶԼՄ֊ների հոդվածների դեպքում երկակի ստանդարտներ է կիրառում․ զրույց

Դատախազությունը ԶԼՄ֊ների հոդվածների դեպքում երկակի ստանդարտներ է կիրառում․ զրույց

«Հայկական ժամ» ինտերնետային կայքի հոդվածներում առկա տեղեկությունների առնչությամբ սուտ մատնության հոդվածով քրեական գործ հարուցելը սխալ է․ տվյալ դեպքում սուտ մատնության հատկանիշներն իսպառ բացակայում են։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում հայտարարել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ ՀՀ դատախազության` երեկ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կայքի այն տեղեկությունը, թե ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, 2002 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի մեղավորն է, սուտ մատնության հատկանիշներ են պարունակում։ Դատախազությունը պատճառաբանում է, որ ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է քաղաքացի Աննա Խաչատրյանը։

Բաղդասարյանի խոսքով, սակայն, տվյալ դեպքում հայցը կարող է լինել զրպարտության հոդվածի հատկանիշներով, որն ապաքրեականացված է, իսկ սուտ մատնության հոդվածը հաճախ օգտագործվում է որպես զսպաշապիկ։ Ըստ բանախոսի՝ դատախազությունը երկակի ստանդարտներ է կիրառում՝ քննելով այն դեպքերը, որոնք ձեռնտու են բարձրաստիճան պաշտոնատար անձանց, մինչդեռ, օրինակ, ԶԼՄ֊ների հոդվածները պետական պաշտոնյաների մեծ կարողության մասին, իրավապահ մարմինների ուշադրությանը չեն արժանանում։

«Կյանքը գնում է ապաքրեականացման։ Մենք պետք է կարողանանք իրար մեջ լուծենք ծագած խնդիրները՝ առանց պետության միջամտության։ Սա է ապագայի հասարակության տեսալականը», ֊ նշել է Բաղդասարյանը։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում․