Home / Հայաստան / «Հայկական եկեղեցու հետ խնդիրներ չունենք»․ ադրբեջանական SOCAR-ը անվճար գազ կմատակարարի Վիրահայոց թեմին

«Հայկական եկեղեցու հետ խնդիրներ չունենք»․ ադրբեջանական SOCAR-ը անվճար գազ կմատակարարի Վիրահայոց թեմին

Այսօր Վրաստանում գազը երկու անգամ էժան է, քան Հայաստանում, և դա Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության արդյունքն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով ANS հեռուստաընկերությանը։

«Վրաստանը մեր ռազմավարական գործընկերն է, երբ մենք Ադրբեջանի զարգացման ծրագրեր ենք իրականացնում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ուշադրություն է դարձնում նաև Վրաստանի զարգացման ծրագրերին, որովհետև Վրաստանը մեր դարպասն է դեպի Եվրոպա», – ասել է Աբդուլաևը՝ ամփոփելով անցած շաբաթավերջին Ալիևի Վրաստան կատարած այցի արդյունքները:

Նա նշել է, որ նույնիսկ Հայաստան մատակարարվող ռուսական գազի տարանցման գումարները ստանում է SOCAR-ը․ «Վրաստանի տարածքով գազի տարանցման բոլոր կոմիսիոն վճարումները մենք ենք ստանում: Դա նախատեսված է պայմանագրով: Նույնիսկ՝ ռուսական գազի Հայաստան մատակարարվող տարանցման դիմաց»։

Պատասխանելով հարցին, թե ապագայում Վրաստանը կարո՞ղ է արդյոք խանգարել Ադրբեջանի էներգետիկ ծրագրերի իրականացմանը, Աբդուլաևն ասել է, թե Վրաստանի համար նավթագազային ոչ մի ծրագիր չի կարող տնտեսապես շահավետ լինել առանց Ադրբեջանի մասնակցության: «Պարոն նախագահը վարպետորեն և դիվանագիտորեն հասկացրել է Վրաստանի ղեկավարությանը, որ SOCAR-ը Վրաստանի ամենախոշոր հարկատուն է, և նման գործընկերոջը կորցնելը Վրաստանի համար բոլորովին շահավետ չէ», – հայտարարել է նա:

SOCAR-ի ղեկավարը նաև հայտնել է, որ Իլհամ Ալիևի կարգադրությամբ անվճար գազ են մատակարարելու Վրաստանի բոլոր կրոնական հաստատություններին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն:

«Պարոն նախագահը ցանկանում է, որ Վրաստանում ևս այնպիսի հանդուրժողականություն լինի, ինչպիսին Ադրբեջանում է: Դրա համար մենք գազով կապահովենք [Վրաստանի] բոլոր կրոնական հաստատություններին, այդ թվում` հայկական եկեղեցուն: Մենք հայկական եկեղեցու հետ խնդիրներ և թշնամություն չունենք: Մենք խնդիրներ ունենք Հայաստանի ղեկավարության հետ, հայ ժողովուրդը մեղավոր չէ», – հայտարարել է SOCAR-ի նախագահը:

Մանրամասները՝ Azatutyun.am֊ում