Home / Տեսանյութեր / Դատավճռի օրը մեղադրյալը նիստի է եկել բենզինի տարայով

Դատավճռի օրը մեղադրյալը նիստի է եկել բենզինի տարայով

Այսօր մեղադրյալ Հրաչյա Գևորգյանը Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ է մտել ոստիկանների օգնությամբ. նա վատառողջ է և չի կարողանում ազատ տեղաշարժվել։ Գևորգյանը ձեռքում տոպրակ էր պահում, որի մեջ բենզինով փոքր տարա էր։ Ինչպես Epress.am֊ի հետ զրույցում ասել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը, երբ դատավոր Մարինե Մելքոնյանը 8 տարվա ազատազրկման վճիռն է ընթերցել, Գևորգյանն ինքնահրկիզման փորձի է դիմել, սակայն ոստիկանները նրա ձեռքից խլել են տարան։

Դատավորը Գևորգյանին մեղավոր է ճանաչել գործով որպես տուժող անցնող Նաիրա Հարությունյանին պատանդ վերցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և շորթում կատարելու հոդվածներով։ Միևնույն ժամանակ, դատարանը Գևորգյանին անմեղ է ճանաչել Հարությունյանի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով։

Ամբաստանյալը մեղադրանքներից և ոչ մեկը չի ընդունում։ Գևորգյանը պնդում է, որ գործն իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանի սարքած դավադրությունն է։

Ավելի վաղ Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, պատմել էր, որ ամուսնացած և երեխա ունեցող Նաիրա Հարությունյանը հեռախոսով ծանոթացել է այլ գործով ազատազրկման մեջ գտնվող իր որդու հետ, գնացել է նրա հետ երկարաժամկետ տեսակցության կալանավայրում։ Հրաչյայի ազատ արձակվելուց հետո նրանք միասին նույն տանն են ապրել, սակայն հետագայում սկսվել են վեճեր, քանի որ տարբեր մարդիկ եկել, փող են պահանջել Գևորգյանից՝ ասելով, որ Նաիրան իր անունից պարտք է արել՝ խոստանալով, որ ազատվելուց հետո նա այդ պարտքերը կմարի: Մոր խոսքով՝ Գևորգյանը հրաժարվել է անհասկանալի հայտնված պարտքերը մարել և կինը ոստիկանությունում սուտ ցուցմունք է տվել՝ ասելով, թե ինքն իր կամքով չի ապրում Գևորգյանի հետ։

Դատավարությունը 4 տարի է տևել, և այդ ընթացքում Գևորգյանը կալանքի տակ է եղել։ Գործը ձգձգվում էր դատախազի և դատավորի փոփոխության պատճառով։ Դատավարության ընթացքում Գևորգյանը պահանջել էր Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի դեմ քրգործ հարուցել՝ պնդելով, որ վերջինս սպառնացել է իրեն, սակայն Հատուկ քննչական ծառայությունում գործի հարուցում մերժվել է։

Վերջին 2 տարիների ընթացքում Գևորգյանի առողջական վիճակը վատացել է, նա պահանջել է իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, ի նշան բողոքի մի քանի անգամ մեխ է կուլ տվել, որից հետո իր պահանջը կատարվել է։