Home / Հայաստան / Հերթական հանրային քննարկումը սահմանադրության փոփոխությունների թեմայով

Հերթական հանրային քննարկումը սահմանադրության փոփոխությունների թեմայով

Նոյեմբերի 10-ին կայացավ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած հերթական հանրային քննարկումը Հայաստանում սահմանդրական փոփոխությունների թեմայով: Այս անգամ էլ, ինչպես նախորդ քննարկումների ժամանակ, բացակայում էին պետական կառույցներից հրավիրվածները, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Քննարկումը ծավալվեց իշխանությունների տարանջատման և մասնավորապես դատական համակարգում փոփոխությունների շուրջ: Դրական մի փոփոխության մասին խոսեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ այդպիսին որակելով դատավորների անկախության ավելացումը, սակայն ընդհանուր առմամբ նախագծի 7-րդ հոդվածը փաստաբանը որակեց որպես «բաց թողնված հնարավորությունների» գլուխ: Նա նշեց, որ ներկայիս սահմանադրության մեջ չկա հասարակություն-դատական իշխանություն կապը, և որ հասարակությունը որևէ կերպ չի կարող ազդել այս ոլորտի վրա: Առաջարկվող նախագծով էլ չի տրվում հնարավորություն լրացնելու այս բացը և ավելի մոտեցնելու մեր երկիրը ժողովրդավարությանը: Մեկ այլ բացթողում էլ վերաքննիչ և վճռական դատարանների գործառույթների հստակ բաշխման խնդիրն է, որը, ըստ փաստաբանի, չի լուծվել նաև նախագծով: Բացթողումների շարքին փաստաբանը դասեց նաև երդվյալ ատենակալների դատարանի ստեղծման հնարավորությունը, ինչը, սակայն, ըստ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի, այնքան էլ բացթողում չէ, քանի որ աշխարհում արդեն իսկ նման ինստիտուտը սպառել է իրեն:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն էլ, խոսելով ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների կարիքից կամ դրա պակասից, նշեց, որ այս փոփոխությունները ապացույց են, որ նախագահը փորձում է երկարացնել և ընդլայնել իր իշխանավարությունը, քանի որ ոչ 2008 թվականին, ոչ էլ 2013 թվականին նախագահի նախընտրական ծրագրերում նման փոփոխությունների կարիքի մասին չի խոսվել: Ավելին, ըստ Իշխանյանի, թեև նման փոփոխությունների մասին չի խոսվել, սակայն դեռևս 2013թ.-ից հանրությանը նախապատրաստել են կուսակցական կառավարման համակարգին, քանի որ եթե մինչ 2013թ. նախագահին ուղղված հարցերի պատասխանները տալիս էր նախագահի մամլո խոսնակը, ապա 2013թ.-ից հետո այս գործառույթն իրականացրել է ՀՀԿ-ի մամլո խոսնակը: Այսինքն, հանրությանը սկսել են նախապատրաստել կուսակցական կառավարման համակարգին, որը հեռու է ժողովրդական կառավարման համակարգից: Իշխանյանը նշեց, որ թեև ինքը կողմ է պառլամենտական համակարգին, սակայն դեմ է առաջարկվող ֆորմատին և կայուն մեծամասնության իշխանությանը՝ կողմ արտահայտվելով որակյալ մեծամասնությանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ֊ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ողջունելի է համարում նախագծում կոնստրուկտիվ անվստահության քվեի մեխանիզմի առկայությունը, ըստ որի անվստահություն կարելի է հայտնել վարչապետին, ինչպես նաև կառավարությանը: Այս առումով նաև ողջունելի է քննիչ հանձնաժողովների ինստիտուտի ներդրումը: Սակայն դեռ անորոշ է, թե արդյոք վարչապետի հրաժարականը պետք է նշանակի նաև կառավարության հրաժարական, թե՞ ոչ: Հոկտանյանի ևս մեկ մտավախություն էլ վերաբերում էր նրան, որ ռացիոնալ պառլամենտարիզմի մոդելը, որը, փաստորեն, սույն նախագծով փորձում են ներմուծել Հայաստան, գործում էր դեռևս ֆրանսիական 4-րդ հանրապետության ժամանակ, սակայն Ֆրանսիայի գաղութներում ռազմական գործողությունների արդյունքում այդ մոդելը չդիմակայեց և փլուզվեց: Ուստի, Հոկտանյանը, հաշվի առնելով Հայաստանի տարածաշրջանային խնդիրը, հարցադրեց նման համակարգի ֆունկցիոնալությունը Հայաստանի դեպքում: