Home / Հայաստան / Սերգեյ Լավրովը Հայաստան էր եկել համոզելու կամ պարտադրելու․ մամուլ

Սերգեյ Լավրովը Հայաստան էր եկել համոզելու կամ պարտադրելու․ մամուլ

Հայաստանյան տպագիր մամուլի այսօրվա հիմնական թեմաներից է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցը։

Այդ առնչությամբ «Հայկական ժամանակ» օրաթերթը, մասնավորապես, ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է:

«Խոսքը ԼՂ հարակից մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու մասին է։ Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների՝ Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի՝ կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։ Նույն աղբյուրները նշում են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած երեկվա այցի ընթացքում քննարկման հիմնական թեման հենց սա է եղել», – նշում է «ՀԺ»֊ն։

«168 ժամ» պարբերականն իր առաջնորդողում հարց է բարձրացնում․ «Ինչո՞ւ էր Հայաստան ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը»։

«Նրա այցելության հետ կապված փորձագիտական, քաղաքական շրջանակներում քննարկվում են բազմաթիվ, հաճախ հակադիր ու իրարամերժ կարծիքներ, որոնց, սակայն, միավորում է այն, որ Լավրովը Հայաստան էր եկել ինչ-որ լուրջ առաքելությամբ՝ Հայաստանի իշխանությանն ինչ-որ բան համոզելու/պարտադրելու կամ Հայաստանից ինչ-որ զիջում ստանալու/կորզելու համար։

Ներկայումս Հայաստանի շուրջ կատարվում են բավական դինամիկ զարգացումներ՝ սկսած Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո առաջացած նոր հնարավորություններից, մինչև ՆԱՏՕ-ի ակտիվացում մեր տարածաշրջանում։ Այդ և բազմաթիվ այլ իրողություններ Հայաստանի համար նոր հնարավորություններ ու հեռանկարներ են ստեղծել, որոնց իրացումը բխում է Հայաստանի պետական շահերից՝ միաժամանակ հակադրվելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին։ Այնպես որ, Լավրովի այցի ամենամեծ խնդիրն այն է, որպեսզի հանկարծ Հայաստանի իշխանությունն անգամ չմտածի օգտագործել նոր հնարավորությունները՝ Հայաստանի շահերը սպասարկելու նպատակով։ Թե կոնկրետ ի՞նչ դրսևորումներ կստանան այս այցի արդյունքները, տեսանելի կլինի առաջիկայում՝ Հայաստանի իշխանությունների գործողություններից, որոշ դեպքերում՝ նաև գործողությունների բացակայությունից», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում