Home / Հայաստան / ԱԺ֊ն կողմ քվեարկեց նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելու մասին օրենքին

ԱԺ֊ն կողմ քվեարկեց նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելու մասին օրենքին

74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու» և «Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին» նախագծերը, որոնցով քաղաքացիներին իրավունք է տրվում քվեարկել նույնականացման քարտերով։

Նշենք, որ օրինագիծը սուր քննադատության է արժանացել ընդդիմադիր պատգամավորիների, ինչպես նաև անկախ փորձագետների կողմից։

Իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ նույնականացման քարտով քվեարկել թույլ տալը կարող է ընտրակեղծիքների նոր մեխանիզմ ձևավորել։ Մասնավորապես, ընդդիմադիր գործիչները նշել են՝ քանի որ քարտի վրա դրոշմակնիք չի դրվելու, և՛ նույնականացման քարտ, և՛ անձնագիր ունեցողները կարող են կրկնակի անգամ քվեարկել։

Համաձայն ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ ընտրություններից կամ հանրաքվեներից 20 օր առաջ չի կարելի քվեարկության կարգը փոփոխել, դա կարելի է անել առնվազն 6 ամիս առաջ։

Պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է ընտրատեղամասերում նույնականացման քարտերը հաշվառող էլեկտրական սարքեր տեղադրել, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ մատները թանաքոտելու միջոցով բացառել կրկնաքվեարկությունները, սակայն այս առաջարկները ՀՀԿ֊ական մեծամասնությունը մերժել է։