Home / Տեսանյութեր / Դատախազությունը պահանջում էր բանտ վերադարձնել վաղաժամկետ ազատված դատապարտյալին

Դատախազությունը պահանջում էր բանտ վերադարձնել վաղաժամկետ ազատված դատապարտյալին

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու համակարգը ունի բազմաթիվ թերություններ, ասված է Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի տարածած հաղորդագրության մեջ։

«Վիճակագրությունը փաստում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված «անկախ» հանձնաժողովների գործունեության արդյունքում էականորեն կրճատվել է պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալների թիվը, իսկ ազատման հարցում դրական կամ բացասական եզրակացություն տալու որևէ կանխատեսելի չափանիշ չի գործում» ֊ նշում են Խմբի անդամները:

Համաձայն հաղորդագրության, Դիտորդական խմբի փաստաբան Տիգրան Սաֆարյանը ներգրավվել է մի շարք դատավարություններում՝ պաշտպանելու դատապարտյալների կամ վաղաժամ ազատ արձակված անձանց իրավունքները։ Խումբը ներկայացրել է այդ գործերից մեկի մանրամասները՝ մատնանշելով դատախազության խնդրահարույց գործողությունները։ 2015 թվականի օգոստոսի 28-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, ստանալով Անկախ հանձնաժողովի դրական որոշումը, միջնորդագիր էր ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Ս.Կ․-ին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին բավարարել է քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը, և Ս.Կ․-ն ազատվել է հետագա պատիժը կրելուց: 2015 թվականի սեպտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ՝ խնդրելով բեկանել այն և մերժել քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ դատախազության վերաքննիչ բողոքը դատարանի կողմից բավարարվելու դեպքում արդեն ազատության մեջ գտնվող դատապարտյալը պետք է վերադառնար քրեակատարողական հիմնարկ։ Դիտորդական Խմբի փաստաբանը ներգրավվել էր այս գործում Ս.Կ․-ի շահերը պաշտպանելու Վերաքննիչ քրեական դատարանում:

2015 թվականի նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արագածոտնի մարզի դատախազություն բողոքը որով վերջինս խնդրում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանել և մերժել քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:

«Հատկանշական է, որ դատախազության նման պրակտիկան՝ բողոքարկել դատարանի վաղաժամկետ ազատելու մասին որոշումները, բավական տարածված է և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Նման դեպքում ստացվում է, որ դատախազը, որը դատապարտյալին չի ճանաչում, վստահորեն կարծիք է հայտնում, որ դատապարտյալը դեռևս չի ուղղվել և պետք է շարունակի կրել պատիժը, և այս ամենն այն դեպքում, երբ դատապարտյալի հետ տարիներ աշխատող ՔԿՀ վարչակազմը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած Անկախ հանձնաժողովը և դատարանը գտել են, որ դատապարտյալի հասարակության համար ռիսկայնության աստիճանը ցածր է, նա այլևս կարիք չունի կրել պատժի մնացած մասը։

Դիտորդական Խումբը ողջունում է դատարանի որոշումը՝ ընդգծելով այն փաստը, որ ընդհանուր իրավասության դատարանների համար այսուհետ կլինի բարձր դատարանի կողմից արտահայտված հստակ դիրքորոշում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայիս բարդ գործընթացում կիրառման ենթակա չափանիշների վերաբերյալ», ֊ նշված է Դիտորդական խմբի հաղորդագրության մեջ: