Home / Հայաստան / Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել

Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Հարավային Կովկասում համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ:

Այսօր հրապարակված պաշտոնական հրամանում, մասնավորապես, ասված է․ «Ընդունել ՌԴ Կառավարության առաջարկությունը ՌԴ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը։

Հանձնարարել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը ՌԴ ԱԳՆ֊ի մասնակցության բանակցություններ վարել հայաստանյան կողմի հետ ու պայմանավորվածություն ձեռք բերելուն պես ՌԴ֊ի անունից ստորագրել նշված Համաձայնագիրը՝ թույլ տալով այն ներառել կառավարության կողմից հավանության արժանացած նախագծի մեջ»։

Նշենք, հոկտեմբերի 23֊ին Ռուսաստանի կառավարությունը հավանություն էր տվել հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում Հայաստանի հետ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագրի։ Ավելի վաղ ՌԴ Օդատիեզերական զորքերի հրամանատարի առաջին տեղակալ գեներալ֊լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հայտարարել էր, որ նախագիծն արդեն իսկ անցել է ներպետական համաձայնեցման ընթացակարգերի միջով։ Նա հավելել էր, որ Ռուսաստանը նպատակ ունի միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծել նաև Ղրղզստանի ու Տաջիկստանի հետ, իսկ Ղազախստանի հետ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2013 թվականին։