Home / Հայաստան / ՔԿՀ֊ում ճաշից հրաժարվողներին հացից էլ էին զրկել

ՔԿՀ֊ում ճաշից հրաժարվողներին հացից էլ էին զրկել

Նոյեմբերի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի աշխատակիցները մտել են մի քանի բանտախցեր և կալանավորներին հարցրել են՝ արդյոք վերջիններս ցանկանում են ՔԿՀ֊ի կողմից տրվող սնունդը ստանալ։ Այս մասին Epress.am֊ին պատմել է ՔՀԿ֊ում պատիժ կրող անձանցից մեկի հարազատը, ով չի ցանկացել ներկայանալ։ Աղբյուրի համաձայն՝ նման հարցում խցում արվում էր առաջին անգամ՝ այն հիմնավորմամբ, որ «ավել ճաշ չպատրաստեն»։

Խցերից մեկում պահվող 7 անձանցից 4֊ն ասել են, որ չեն ցանկանում ճաշը ստանալ՝ պատճառաբանելով, որ իրենց «շան թուլափայը պետք չէ»։ Նոյեմբերի 5-ից սկսած՝ 4 կալանավորներին ոչ միայն ճաշ, այլ նաև հաց չեն տվել։ Կալանավորները դիմել են ՔԿՀ֊ի ղեկավարությանը՝ տեղեկացնելով, որ հացն ուզում են ստանալ։

«Ստացել են պատասխան․ «Եթե ճաշը չեք ուզում, հաց էլ չենք տա»։ Այդ խոսակցությանը ներկա է եղել այդ պահին ՔԿՀ֊ում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի աշխատակիցը», ֊ ասել է մեր զրուցակիցը։

Երկուշաբթի Epress.am֊ը ՄԻՊ գրասենյակ խնդրի առնչությամբ հարցում էր ուղարկել. այսօր ստացած պատասխանում օմբուդսմենի աշխատակազմը հաստատել է, որ ՄԻՊ Բռնությունների կանխարգելման վարչության աշխատակիցը նոյեմբերի 6-ին եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և պարզել, որ բանտախցերից մեկի դատապարտյալները բողոքել են, որ իրենց հաց չի տրվել:

«Օմբուդսմենի ներկայացուցիչը խոսել է վարչակազմի հետ, ներկայացրել է խնդիրը, ինչին ի պատասխան ՔԿՀ-ի պետն ասել է, որ խնդիրն անպայման կուսումնասիրվի: Հաջորդ իսկ օրը աշխատակիցը կրկին զրուցել է պետի հետ, ով ասել է, որ որոշ դատապարտյալներ գրավոր, իրենց կամքով էին հրաժարվել կալանավայրում տրամադրվող սնունդից: Պարզվել է նաև, որ դատապարտյալները հրաժարվել են իրենց դիմումից և արդեն ստանում են իրենց հասանելիք սնունդը», ֊ ասված է Օմբուդսմենի գրասենյակի պատասխանում։

Մեր աղբյուրը հաստատել է, որ կալանավորվածները երեկվանից սկսել են հաց ստանալ։