Գլխավոր / Հայաստան / Ինչպես է գործելու Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգը, պարզաբանել է փոխնախարարը

Ինչպես է գործելու Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգը, պարզաբանել է փոխնախարարը

Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը պատրաստ է, և կողմերը պետք է ընտրեն դրա ստորագրման վայրը և ամսաթիվը: ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։

Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ստորագրել համապատասխան համաձայնագիրը Հայաստանի հետ: 

Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը բազմիցս քննարկվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից, անցել է ներպետական համաձայնեցման բոլոր փուլերը Հայաստանում, որից հետո ուղարկվել է ռուսաստանյան կողմի հաստատմանը:

Դավիթ Տոնոյանը նկատել է, որ համաձայնագիրը կանոնակարգում է երկկողմ հարաբերությունները, սակայն ըստ պայմանավորվածության՝ երկրներից մեկի օդային տարածքի խախտման դեպքում գործելու է նաև ԱՊՀ և ՀԱՊԿ-ի շրջանակում:

«Փաստաթուղթը ստեղծում է իրավական հիմքեր Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ստեղծման համար՝ Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների շրջանակում: Դա թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլ նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը: Դա ՀՀ և ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի»,- ասել է Տոնոյանը:

Ի պատասխան «Մեդիամաքսի» հարցին, թե արդյոք նոր համաձայնագիրը կարող է կիրառվել, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ասել է. «Վստահ եմ, որ չկան հիմքեր կասկածի տակ առնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի և միջոցների արդյունավետությունը»: