Գլխավոր / Հայաստան / Հայկական լրատվական կայքը սպառնում են արգելափակել Ռուսաստանի տարածքում

Հայկական լրատվական կայքը սպառնում են արգելափակել Ռուսաստանի տարածքում

Ռուսաստանցի իրավաբան, Կրոնների և աղանդների ուսումնասիրության կենտրոնի ռուսաստանյան ասոցիացիային կից Անձի իրավունքների ու արժանապատվությունների պաշտպանության իրավաբանական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Կորելովն սպառնում է հայաստանյան Epress.am լրատվական կայքն ամբողջությամբ արգելափակել Ռուսաստանի տարածքում։ Իրավաբանի խոսքով՝ կայքն արդեն իսկ արգելափակված է ՌԴ դպրոցներում ու բուհերում, և դրա համար առիթ է հանդիսացել Epress.am-ի հրապարակումը Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի՝ ԼԳԲՏ համայնքին ուղղված սպառնալիքների ու հոմոֆոբ արտահայտությունների մասին։ Գրիգորյանի գլխավորած կազմակերպությունը նոյեմբերի սկզբին կազմակերպել էր կոնֆերանս միջազգային այնպիսի դոնորների ֆինանսավորմամբ, որոնց էթիկական կանոնակարգերը «բացառում են ռասայական, գենդերային, ազգային, սեռական կողմնորոշման, հավատքի հիմքով խտրականության բոլոր դրսևորումները»։ Ընդ որում, միջոցառման շրջանակում Գրիգորյանը Համագործակցության մասին հուշագիր է ստորագրել Ռուսաստանի երիտասարդ բժիշկների միության հետ։

Հոդվածի հրապարակումից հետո Ալեքսանդր Կորելովը երկու նամակ է ուղարկել Epress.am-ի էլ֊հասցեին՝ պայքարելով «նախկին ԱՊՀ պետությունների քաղաքացիների»՝ «սոդոմության ու այլ սեռական այլասերվածությունների դեմ արհամարհական վերաբերմունք ունենալու ու այն քարոզելու» իրավունքի համար։

Առաջին նամակում, մասնավորապես, ասված է․ «Մենք ստիպված ենք ձեզ զգուշացնել, որ անթույլատրելի է ռուսերեն լեզվով գրել որևէ պնդումներ ցանկացած անձանց «հոմոֆոբիայի» մասին։ Տվյալ հանգամանքներում, Գրիգոր Գրիգորյանի ենթադրյալ հոմոֆոբիայի մասին հոդվածը կրում է անթույլատրելի բնույթ։ Նախկին ԱՊՀ պետությունների քաղաքացիները կախված չեն գաղափարախոսության արևմտյան ձևերից ու չեն ենթարկվում որևէ միջազգային՝ տխրահռչակ «հոմոֆոբիայի» հարցեր կանոնակարգող նորմերի։ Այս կապակցությամբ, մենք վերահսկողության տակ ենք վերցրել տվյալ կայքի նյութերը։ Նման հրապարակումների կրկնության դեպքում, մենք մեզ իրավունք ենք վերապահում դիմել ՌԴ պատկան մարմիններին՝ տվյալ կայքի նյութերի տարածումը ՌԴ տարածքում արգելելու խնդրանքով»։

Epress.am֊ի խմբագրությունը Կորելովից հարցազրույց է խնդրել, ինչից իրավաբանը հրաժարվել է ու հայտնել, որ Epress.am֊ը հատուկ մշակված ֆիլտրերի միջոցով մտցվել է ռուսաստանյան Ապահով համացանցի լիգայի՝ դիտման համար անցանկալի կայքերի ցուցակի մեջ․ «Այդպիսով, ձեր կայքն արգելափակված է Ռուսաստանի միջնակարգ ու բարձրագույն կրթական հաստատություններում, ինչպես նաև ՌԴ Կրթության ու գիտության նախարարության առաջարկությամբ տվյալ ֆիլտրն օգտագործող այլ կազմակերպություններում»,֊ գրել է Կորելովը։

Այնուհետև իրավաբանն սպառնացել է կայքն արգելափակել «Ռոսկոմնադզորի» միջոցով․ «Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ արդեն երկրորդ անգամն եմ տեսնում հոմոսեքսուալիզմի թեմայով ձեր կայքի հոդվածները «հոմոֆոբիա» ու նման, այսպես կոչված, «թեգերով» դիտումների ժամանակ․․․Նման հրապարակումները կարող են հանգեցնել կայքի արգելափակման ՌԴ «Ռոսկոմնադզորի» որոշմամբ, որտեղ մենք բողոքներ ենք ուղարկում ԶԼՄ֊ներում անթույլատրելի արտահայտությունների՝ «հոմոֆոբիա», «նույնասեռական ամուսնություն», օգտագործման դեպքերում»։

Ապահով համացանցի լիգայի մամուլի ծառայությունում Epress.am֊ին հայտնեցին, որ կազմակերպության իրավասության մեջ է մտնում միայն «Ռոսկոմնադզորին» «անցանկալի կայքերի» ցուցակ ներկայացնելը։ «Ռոսկոմնադզորի» կայքի համապատասխան գրանցամատյանում Epress.am֊ը նշված չէ։ Լիգայից հավելյալ տեղեկություններ ստանալու բոլոր փորձերն ապարդյուն էին՝ մամուլի ծառայությունը դադարեց պատասխանել հեռախոսազանգերին։