Home / Հայաստան / ՀՀ կառավարությունը 2016-ին մոտ 62 միլիոն դոլարի գրանտ է ստանալու

ՀՀ կառավարությունը 2016-ին մոտ 62 միլիոն դոլարի գրանտ է ստանալու

2016 թվականին Հայաստանի կառավարությունը նախատեսում է ստանալ մոտ 61.7 միլիոն դոլարի (կամ 30.2 միլիարդ դրամի) բյուջետային դրամաշնորհ, որից մոտ 48 միլիոն դոլարը ԵՄ-ից, նրա անդամ պետություններից կամ եվրոպական կազմակերպություններից, 8 միլիոն դոլարը՝ Ռուսաստանի Դաշնությունից, իսկ 5.4 միլիոն դոլարը՝ Համաշխարհային բանկից։ Այս թվերի մեջ չի մտնում գործադիր մարմիններին հատկացվող գույքը, ինչպես նաև կառավարությանը ենթակա ՊՈԱԿ-ներին շնորհվող դրամաշնորհները: Այս մասին գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Հրայր Մանուկյանը։

Ուսումնասիրելով ՀՀ պետբյուջեի նախագիծը՝ Մանուկյանն ընդգծում է, որ 2016 թվականին այս տարվա և 2014-ի համեմատ աճելու է պաշտոնական գրանտերի և՛ բացարձակ ծավալը, և՛ դրանց կշիռը բյուջեի ընդհանուր եկամուտներում:

«Ավելին, պաշտոնական դրամաշնորհների ծավալը ավելանում է նաև ՀՆԱ-ի նկատմամբ։ Եթե անցած տարի դրամաշնորհները կազմել են ՀՆԱ-ի 0.3%-ը, ապա այս տարի կկազմեն 0.5%-ը, իսկ եկող տարի՝ 0.6%-ը», ֊ գրում է ՀԿ֊ի ներկայացուցիչը։

Մանուկյանը ներկայացնում է, թե կոնկրետ ինչ դրամաշնորհային ծրագրերւ համար է ՀՀ կառավարությանը գումար հատկացնելու.

1. Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակություն պաշտոնական դրամաշնորհային (չկապակցված դրամաշնորհներ) ծրագրերից` 24.0 մլն եվրո (26.1 միլիոն ԱՄՆ դոլար) կամ 13.0 մլրդ դրամ: … Այսիքն այս դրամաշնորհը ուղղակի բյուջետային աջակցություն է Եվրոպական Միությունից Հայաստանին:

2. Նպատակային (կապակցված) օժանդակություն դրամաշնորհային ծրագրերից` 35.6 մլն ԱՄՆ դոլար, կամ 17.2 մլրդ դրամ, որից`

֊ Եվրամիության աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 9.1 մլն ԱՄՆ դոլար, կամ 4.4 մլրդ դրամ:

֊ ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործման նախածային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում` 8.0 մլն ԱՄՆ դոլար կամ 3.9 մլրդ դրամ… Հարկ է նկատել, որ այս դրամաշնորհը Հայաստանին տրվել է այն պայմանով, որ hայկական ատոմակայանի վերանորոգման 300 միլիոն դոլարանոց պատվերը տրվելու է ռուսական «Ռոսատոմ»-ին:

֊ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 7.4 մլն ԱՄՆ դոլար կամ 3.6 մլրդ դրամ:

֊ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 5.4 մլն ԱՄՆ դոլար կամ 2.6 մլրդ դրամ,

֊ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի (3-րդ տրանշ) շրջանակներում` 2.6 մլն ԱՄՆ դոլար կամ 1.2 մլրդ դրամ:

֊ Դանիայի թագավորության աջակցությամբ իրականացվող գյուղական կարողությունների ստեղծում դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` 1.9 մլն ԱՄՆ դոլար կամ 0.9 մլրդ դրամ:

֊ Այլ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 1.2 մլն ԱՄՆ դոլար կամ 0.6 մլրդ դրամ: