Home / Հայաստան / Ռեալիթի֊շոուի ընթացքում վարչապետը չարաշահել է պաշտոնական դիրքը. «Ոչ»֊ի շտաբ

Ռեալիթի֊շոուի ընթացքում վարչապետը չարաշահել է պաշտոնական դիրքը. «Ոչ»֊ի շտաբ

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Ոչ»֊ի համատեղ շտաբը, որի կազմում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, դատապարտում է իշխանության կողմից քարոզչության հավասարության սկզբունքի խախտումը։

Տարածած հայտարարության մեջ «Ոչ»֊ի շտաբն անդրադառնում է արդեն մի քանի օր «Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերություններով ուղիղ հեռարձակվող «Այո և Ոչ» ռեալիթի-շոուին։

«Նոյեմբերի 14-ին՝ Ապարանում, իբր, իր պաշտոնական պարտականությունների բերումով, այդ հաղորդման մեջ է հայտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հայտարարելով հանդերձ, թե ինքը քարոզչությամբ չի զբաղվում՝ նա մասնակցում է այս շոուին և դրա շրջանակներում բնակչությանը սոցիալական բազմաթիվ խնդիրների և քաղաքացիների խնդրանքների լուծման բազմաթիվ խոստումներ տալիս։ Սրանով վարչապետ Հովիկ Աբրահամյանը չարաշահել է վարչապետի իր պաշտոնական դիրքը՝ հավասարության սկզբունքը հոգուտ «ԱՅՈ»֊-ի քարոզարշավի խախտելու նպատակով։

«ՈՉ»-ի համատեղ շտաբը դատապարտում է իշխանության կողմից քարոզչության անհավասարության և օրինախատման այս փաստը։ Սա վկայում է մեկ բանի մասին. իշխանությունը բախվում է հասարակության իրական՝ բուռն մերժողական տրամադրություններին, չափազանց անհանգստացած է օր-օրի բյուրեղացող «ՈՉ»-ի մթնոլորտով և պատեպատ է խփվում այդ վիճակից ելք գտնելու համար», ֊ նշում են հայտարարության հեղինակները։

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դրանք ընդունելու դեպքում Հայաստանը խորհրդարանական երկիր է դառնալու։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայանալու է դեկտեմբերի 6-ին։