Home / Հայաստան / «Ա1+»-ն իր դեմ դատական հայցն անիմաստ ջուր ծեծոցի է համարում

«Ա1+»-ն իր դեմ դատական հայցն անիմաստ ջուր ծեծոցի է համարում

«Թռչող Առագաստ» ՍՊԸ-ն դիմել է դատարան` ընդդեմ a1plus.am և mamul.am լրատվական կայքեր գործարկող ընկերությունների՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջով: Ընկերությունը պնդում է, որ a1plus.am-ը 2001 թվականին գրացնված միջադեպը կապել է իրեն պատկանող «Առագաստ» սրճարանի անվան հետ, մինչդեռ դա ապատեղեկատվություն է: 2001 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանին, որի հետևանքով վերջինս մահացել էր:

«Թռչող Առագաստ»-ի փաստաբան Հասմիկ Փախանյանն Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ այսքան ուշ դատարան դիմելու պատճառն այն է, որ երբ խնդրո առարկա տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է 2001 թվականին, «Թռչող Առագաստ»-ի սեփականատերն անչափահաս է եղել, և բաց է թողել  բողոքարկման համար նախատեսված մեկ ամիս ժամկետը։

«Իսկ հիմա՝ այս տարվա սեպտեմբերի 24-ին А1plus.am կայքը իր «Օրացույց» հաղորդման ընթացքում վերահրապարակել է 2001 թվականին հեռարձակած տեսանյութը, որտեղ ապատեղեկատվություն կա․ իբր Երևան քաղաքի Իսահակյան 41 հասցեում գտնվող «Առագաստ» սրճարանում կատարվել է մարդասպանություն: Այնինչ, այդ սպանությունը տեղի է ունեցել «Պոպլավոկ» սրճարանում։ Այս վերահրապարակումը մեզ հնարավորություն տվեց մեկամսյա ժամկետում դիմել դատարան», – ասել է Փախանյանը։

Նրա խոսքով՝ քանի որ վերոնշյալ սպանությունը մեծ հանրային ուշադրություն է գրավել,  բազմաթիվ մարդիկ, քաղաքական համոզմունքներից դրդված, խուսափել են «Առագաստ» սրճարան այցելել։

«Տարիներ շարունակ սրճարանը ֆինանսական մեծ  կորուստներ է կրել», – ասել է փաստաբանը։

«Առագաստ» սրճարանն իր պատվի, արժանապատվության և գործարար համբավը վիրավորելու համար պահանջում է 1 միլիոն դրամ փոխհատուցում և հերքում։  

Փախանյանի խոսքով՝ մինչ դատարան հայց ներկայացնելը, իրենք դիմել են և՛ a1plus.am-ին, և՛ mamul.am-ին, որը վերահրապարակել է սկզբնաղբյուրի հաղորդումը, սակայն կայքերը հրաժարվել են հերքում տպել։

A1plus.am կայքը գործարկող «Մելտեքս» ընկերության հիմնադիր, Ա1+ հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը մեզ հետ զրույցում դատական հայցը որակել է որպես անիմաստ ջուր ծեծոցի:

«Այն ժամանակ հանրապետության դատախազն ասել էր, որ սպանությունը եղել է  «Առագաստ» սրճարանում։ Մենք դատախազի ասածն ենք հրապարակել», – ասել է Մովսեսյանը։  

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ին ծեծի ենթարկվելու հետևանքով մահացել էր Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը։ Վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունել էր «Պրիվետ, Ռոբ» արտահայտությամբ։ Դեպքի հետևանքով հարուցված քրեական գործով 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը։