Home / Տեսանյութեր / «Մսխող կառավարություն»․ ինչպես է աճել արտաքին պարտքը Սերժ Սարգսյանի օրոք

«Մսխող կառավարություն»․ ինչպես է աճել արտաքին պարտքը Սերժ Սարգսյանի օրոք

Հայաստանի պետական պարտքը 2014-ին եղել է 4.4 միլիարդ դոլար, 2015-ին դարձել՝ 5 միլիարդ, սպասվում է, որ հաջորդ տարի այն կդառնա 5.6 միլիարդ: Արտաքին պարտքն աճել է 1.1 միլիարդով 2 տարվա ընթացքում՝ 3.7 միլիարդից հասնելով 4.8 միլիարդի: Կենտրոնական Բանկի պարտքը 440 մլն-ից հասել է 550 միլիոնի: Այս թվերն այսօր Ազգային ժողովում 2016 թվականի պետբյուջի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ երկրի արտաքին պարտքը ամենալավ ցուցանիշն է, որը ցույց է տալիս տվյալ կառավարության ստեղծագործ կամ մսխող բնույթը:

Մանուկյանն ընդգծել է այն փաստը, որ 2008 թվականին՝ Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում, ՀՀ պետական պարտքը եղել է 1.6 մլրդ, և, փաստորեն, նրա իշխանության ժամանակ թիվը դարձել է 5.6 մլրդ:

Պատգամավորը նշել է, որ 2014 թվականին հաստատված «Կառավարության պարտքի կառավարման 2015-17 թվականների ռազմավարական ծրագիր» փաստաթղթի համաձայն, ամեն տարի ՀՆԱ-ի հետ հարաբերակցության մեջ Հայաստանի պարտքը պետք է նվազեր:

«Բայց իրականությունը այն է, որ այսօր մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցության մեջ կազմում է 49.3 տոկոս: Այսինքն, մենք ամենավտանգավոր եզրի վրա ենք, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն արդեն 50 տոկոսի շրջանակում է: Այսինքն, մեկ տարի առաջ ծրագիր եք գրել, կանխատեսել եք հարաբերությունը իջեցնել 37 տոկոսի, բայց հիմա դարձել է 49 տոկոս, այսինքն 12 տոկոսով մեր պարտքը կառավարության հաշվարկից վեր է», ֊ նշել է պատգամավորը:

Ամփոփելով՝ Մանուկյանն ընդգծել է, որ 2016 թվականի բյուջեն հեռանկարը կործանող բյուջե է, և այն հաջորդ սերունդներին լրջագույն պարտքերի տակ է գցում։ Այսօրվա կառավարությունը Մանուկյանն անվանել է մսխող։