Home / Հայաստան / «ՍԱՍ»֊ի աշխատակիցներին պարտադրում են «այո» քվեներ բերել. «ՀԺ»

«ՍԱՍ»֊ի աշխատակիցներին պարտադրում են «այո» քվեներ բերել. «ՀԺ»

ՀՀԿ֊ական պատգամավոր, օլիգարխ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների աշխատակիցների առաջ պայման է դրվել ութական «Այո» բերել հանրապետականների օգտին՝ ներկայացնել 8 ընտրողի անձնագրի պատճեն, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Այն աշխատակիցներին, ովքեր հանրապետության մարզերից են, հրահանգված է նույնպես ութական ընտրողի անձնագրի պատճեն ներկայացնել: Այս ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր՝ քվեարկության: Հակառակվողներին սպառնում են աշխատանքից ազատել», ֊ թերթին ասել է «ՍԱՍ»֊ի աշխատակիցը:

«ՀԺ»֊ին երեկ չի հաջողվել պատգամավորից մեկնաբանություն ստանալ։

Թերթը հիշեցնում է, որ Արտակ Սարգսյանի անունը նման պատմությունների մեջ հոլովվում է ոչ առաջին անգամ: 2012թ. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել էին, որ «ՍԱՍ»-ի աշխատակիցները քվեարկել են «շեֆի»՝ մեծամասնականով առաջադրված ընտրատարածքում: 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Սարգսյանն իր աշխատողներին ուղարկում էր Տարոն Մարգարյանի քարոզարշավին: 2013թ. նախագահական ընտրություններում Սարգսյանը «ՍԱՍ»-ի աշխատակիցներին վերահաշվառել էր Արաբկիր վարչական տարածքում նրանց քվեները վերահսկելու համար: