Home / Հայաստան / «Շենգավիթ» ԲԿ֊ում պտղի մահացության դեպք է արձանագրվել․ հարազատները դիմելու են իրավապահներին

«Շենգավիթ» ԲԿ֊ում պտղի մահացության դեպք է արձանագրվել․ հարազատները դիմելու են իրավապահներին

«Շենգավիթ» ԲԿ-ում նորածնի մահվան հերթական դեպքն է արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է, որ նոյեմբերի 19-ին ծննդկան Լարիսա Շահբազյանի մոտ 36 շաբաթվա հղիությունից հետո արձանագրվել է պտղի մահացության դեպք: Ըստ կնոջ հարազատների` 26-ամյա կնոջը «Շենգավիթ» ԲԿ են ուղեգրել «Արմավիր» բժշկական կենտրոնից:

«Նրանց խոսքով՝ կնոջը «Շենգավիթ» ԲԿ-ում երկու անգամ արհեստական ցավեր են տվել, որ ծննդաբերի: Իսկ ավելի ուշ, երբ բժիշկները տարել են հետազոտման, հայտարարել են, թե երեխայի մոտ սրտի կանգ է գրանցվել», ֊ գրում է թերթը։

Ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին, պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին։

News.am֊ի հետ զրույցում բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանն ասել է, որ ծննդկանի արգանդում մահացած 36 շաբաթական պտուղի պորտալարը փաթաթված է եղել:

«Հղին մեզ դիմել է միջադեպից 12 օր առաջ, գանգատներ է ունեցել, ախտորոշվել է խնդիր և որոշում է կայացվել նրան հոսպիտալացնել: Այս 12 օրերի ընթացքում նա պատրաստվել է վաղաժամ ծնունդի, այս ընթացքում նա եղել է պաթոլոգիայի բաժանմունքում»,- ասել է նա:

Դավիթ Մխիթարյանի խոսքով՝ նոյեմբերի 19-ին բժշկուհի Անի Սիրունյանի հերթապահության ժամանակ որոշվել է կատարել խթանում և ծննդալուծում:

«Այս ընթացքում նա երկու անգամ հետազոտվել է: Ապա բժիշկները կեսարյան են արել մեկ այլ հիվանդի: Երբ դուրս են եկել վիրահատարանից, հետազոտել են, պարզվել է, որ սրտի բաբախ չկա: Այնուհետև արդեն տեսել ենք, որ պորտալարը փաթաթված է եղել»,- ասել է բժիշկը:

Մահվան պաշտոնական պատճառը կհայտարարվի դիահերձումից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ այս տարվա հուլիսի 29-ին նույն հիվանդանոցում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները հայտարարում էին, որ կինը հուլիսի 25-ին և 26-ին շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է նրան հոսպիտալացնել:

«Բժշկուհին, որը հրաժարվել էր Մերիին հոսպիտալացնել, եղել է հենց նույն Անի Սեյրանովնան [Սիրունյան], որը ծննդկանի մահվան քրգործով անցնում է որպես վկա: Նշենք, որ Մերի Մարգարյանի մահվան գործով կա ևս մեկ վկա՝ բժշկուհի Շուշանիկ Բախշյան», ֊ գրում է թերթը: