Home / Տեսանյութեր / ՀՀ քաղաքացիներին կոչ են անում հանրաքվեի ցուցակներից հանել տալ իրենց անունները

ՀՀ քաղաքացիներին կոչ են անում հանրաքվեի ցուցակներից հանել տալ իրենց անունները

Հայաստանի քաղաքացիները կարող են մասնակցել կեղծվող ընտրությունների դելեգիտիմացման գործընթացին։ Նման առաջարկով այսօր տարածած բաց նամակում հանդես են գալիս Արման Յարալյանը, Արփինե Գալֆայանը, Աննա Շահնազարյանը և Գոռ Հակոբյանը, ովքեր նամակում ներկայացել են որպես ՀՀ քաղաքացիներ։ 

Բաց նամակի տեքստն ամբողջությամբ․

«Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունը և դրանից բխող ժողովրդավարական գործընթացները չեն գործում: Սրա հետևանքով մեր երկրում տեղի է ունեցել պետական կառավարման մարմինների յուրացում` պետական հանցագործություն, և այս հանցագործությունը քողարկելու և լեգիտիմացնելու լավագույն միջոցը ժամանակ առ ժամանակ ընտրությունների անցկացումն է կեղծիքների միջոցով՝ առանց սահմանադրական կարգի ապահովման։ 

«Քսան տարվա ընթացքում դեռևս ոչ մի անգամ արդար ընտրություններ չեն անցկացվել, և ոչ մի անձի, կազմակերպության, քաղաքացիական նախաձեռնության և քաղաքական միավորի չի հաջողվել ապահովել, որ ընտրությունները չկեղծվեն՝ սկսած ընտրողների գրանցումից, մինչև քվեարկությունն ու արդյունքների հրապարակումը: Նույնիսկ ընտրությունների դիտորդությունն է կեղծվում՝ վարչակարգի կողմից վերահսկվող կեղծ դիտորդական խմբեր ներդնելու միջոցով։

Մենք՝ որպես երկրի տերեր, շարունակ մասնակցում ենք այս կեղծ գործընթացին՝ հույս ունենալով, որ այդ կերպ կարող ենք մեր կյանքում դրական փոփոխություններ բերել: Երկրում «քաղաքականությամբ» զբաղվողները հավաստիացնում են, որ մեր միակ խնդիրը համախմբվածության բացակայությունն է, որ մենք պետք է գնանք և կանգնենք նրանց կողքին, որպեսզի այդ կեղծ ընտրություններում նրանք կարողանան հաղթել: Արդյունքում՝ գիտակցելով կամ չգիտակցելով՝ Հայաստանի քաղաքացիները մասն են կազմում այս ողջ կեղծարարության և իրենց մասնակցությամբ օգնում են կեղծ ընտրությունների ճանաչմանը և անօրինականության օրինականացմանը: 

Ներքոստորագրյալներս, սակայն, կարծում ենք, որ մասնակցությունը շարունակաբար կեղծվող ընտրություններին իրականում պետական հանցագործության զանգվածային լեգիտիմացում է։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ «ընտրությունները» նշանակված են, սակայն ընտրողներ չկան, այսինքն՝ քաղաքացիները հրաժարվում են ֆորմալ ձևով մասնակցել կեղծ ընտրություններին: Ընտրությունները կեղծողները կմնան մերկ՝ իրենց կողմից օգտագործվող վարչական ռեսուրսի, մեռած հոգիների, Հայաստանից վաղուց արտագաղթած և քաղաքացիությունից հրաժարված կեղծ անունների հետ միասին։ Միայն քաղաքական այսպիսի բոյկոտի շնորհիվ հնարավոր կլինի քողազերծել ակնհայտ կեղծիքը և քաղաքացիական ճնշման շնորհիվ ստիպել բոլոր միավորներին մշակել ու գործադրել ժողովրդի քաղաքական մասնակցությունն ապահովող և ոչ թե շահագործող մեխանիզմներ։ 

Հաշվի առնելով վերը նշված քաղաքական բոյկոտի սկզբունքը՝ մենք այսուհետ հրաժարվում ենք մասնակցել կեղծվող ընտրությունների լեգիտիմացման կոլեկտիվ հանցագործությանը: 

Որպես մեր իրավունքից բխող քաղաքական ակցիա՝ մենք ոչ միայն չենք մասնակցում ընտրություններին, այլև հրապարակավ նախապես հայտարարում ենք այդ մասին՝ որպես ընդզվման գիտակցված գործողություն: Մենք միաժամանակ պահանջում ենք ընտրողների ցուցակները կազմելու և հաստատելու պարտականությունը կրող պաշտոնյաներից հանել մեր անուններն ընտրացուցակներից և չօգտագործել մեր անունները կեղծ գործընթացն առաջ տանելու մեջ: Միաժամանակ, մենք իրավունք ենք ձեռք բերում չընդունելու որևէ ընտրության/հանրաքվեի արդյունքները և պատասխանատվության ենք կանչելու բոլորին, ովքեր օրինակացնում են այս գործընթացը և հերթական անգամ խախտում են մեր իրավունքները:

Գործընթացի դելեգիտիմացումն առաջին հերթին նշանակում է հանրության կողմից հստակ վերաբերմունք և գնահատական այդ անօրինական պրոցեսին: 

Ուստի որպես աշխատող մեխանիզմ՝ մենք այս երկրի տերերին առաջարկում ենք քաղաքական բոյկոտի ենթարկել կեղծվող ընտրությունները և, մասնավորապես, առաջիկա ոչ լեգիտիմ սահմանադրական հանրաքվեն։ Առաջարկում ենք մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը՝ ընտրացուցակներում փոփոխություններ կատարելու վերջին օրը, դիմել իրենց գրանցման վայրի անձնագրային բաժին, գլխավոր ոստիկանություն և կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով ընտրացուցակներից հանել իրենց անունները։ Ուղարկված նամակների կրկնօրինակը յուրաքանչյուր քաղաքացի կարող է փոխանցել մամուլին և տարածել սոցիալական ցանցերով՝ այսպիսով հրապարակայնացնելով քաղաքական բոյկոտը։ Միաժամանակ քաղաքացիները կարող են դեկտեմբերի 6-ին գնալ ընտրատեղամաս և ընտրամատյանից ջնջել սեփական անուն֊ազգանունը: 

Թույլ չտալով օգտագործել մեզ որպես կեղծիքի կառուցման կարևորագույն տարր՝ մենք կնպաստենք կեղծիքի փլուզմանը, իսկ մեր ընտրական իրավունքի վերականգնումը մենք կարող ենք ցանկացած պահի իրականացնել, երբ առկա լինի սահմանադրական կարգը։

Ընտրացուցակներից դուրս գալու պահանջի տիպային նամակի կարելի է ծանոթանալ ֆեյսբուքյան Դելեգիտիմացում խմբում»։