Home / Հայաստան / Ընտանեկան վեճերի լուծման ներկայիս կարգը սպառել է իրեն․ փաստաբանը՝ նոր ինստիտուտի մասին

Ընտանեկան վեճերի լուծման ներկայիս կարգը սպառել է իրեն․ փաստաբանը՝ նոր ինստիտուտի մասին

ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, «Էյ Դի Ար Փարթներս» ընկերության արտոնագրված հաշտարար Անահիտ Թամրազյանը (լուսանկարում) Epress.am֊ին է տրամադրել հոդված, որում քննադատում է ընտանեկան վեճերի լուծման ներկայիս կարգը և կարծիք հայտնում՝, որ հաշտարարին դիմելն ավելի արդույնավետ տարբերակ է։

Մայիսի 17-ին մի շարք օրենքներում կատարված փոփոխություններով՝ Հայաստանում հիմնվել է հաշտարարի ինստիտուտ։ Հուլիսին Արդարադատության նախարարությունը հայտարարել է որակավորման քննություն, հաշտարարի արտոնագիր է ստացել մոտ 60 հաշտարար։ Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ սեպտեմբերի 10-ից դատարանները, ստանալով հաշտարարի գործունեության ենթակա գործեր (ընտանեկան վեճեր, որոշ քաղաքացիական գործեր), պետք է տեղեկացնեն կողմերին, որ գոյություն ունի հաշտարար, որը կարող է աջակցել իրենց։ Հաշտարարները շուտով պետք է ստեղծեն ինքնակազմակերպվող մարմին, որը ի թիվս այլ հարցերի կզբաղվի նաև ծառայությունների գների կանոնակարգմամբ։

Անահիտ Թամրազյանի ամբողջական հոդվածը․

«Ինչպես հայտնի է, ՀՀ դատական ատյաններում ընտանեկան վեճերի քննությունն ու վերջնական դատական ակտերի հրապարակումը տևում են ամիսներ, որոշ քաղաքացիական գործեր ձգվում են տարիներ և այդպիսի վեճերի կարգավորմանը պարտադիր կարգով մասնակցում են Խնամակալության և հոգաբարձության մարմինները: Երևանում քաղաքապետի անունից Խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված լիազորություններն իրականացնում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները, որոնք իրենց գործունեության ընթացքում պարտավորվում են ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ միջազգային պայմանագրերով և Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ:

Ընտանեկան վեճերի քննության ժամանակ Խնամակալության և հոգաբարձության մարմինները պարտավոր են իրականացնել երեխայի դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն և դատարանին ներկայացնել հետազոտության ակտ ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացություն:

Փաստաբանական գործունեության ընթացքում վերջերս առիթ ունեցա ծանոթանալու այդպիսի հանձնաժողովներից մեկի եզրակացությանը, որն առանց օրենսդրի կողմից իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու, առանց ծնողի բնակության վայրն այցելելու ու վերջինիս կյանքի պայմաններն ուսումնասիրելու, դատարանին է ներկայացրել մի փաստաթուղթ, որով նպատակահարմար է գտել 1.5 տարեկան երեխային մինչև որևէ կրթական հաստատություն /մանկապարտեզ, դպրոց/ հաճախելը յուրաքանչյուր ամիս 10-15 օր թողնել հոր խնամքին: Այստեղից հարց է առաջանում, թե ինչպիսի՞ պայմաններում է կատարվել սույն գործով ներկայացրած հետազոտությունը և արդյո՞ք խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից դատարանին ներկայացրած եզրակացությունը, որն անցկացվել է առանց երեխայի և նրա դաստիարակությանը հավակնող ծնողներից մեկի կյանքի հետազոտության, կարող է դատարանի կողմից գնահատվել որպես վեճի լուծման համար պատշաճ ապացույց:

Նշեմ նաև, որ այսպիսի անօրինության հանդիպել եմ ոչ միայն ես, այլ նաև բազմաթիվ փաստաբաններ, որոնք նույնպես առնչվում են Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից օրենքի խախտումների, փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի, նրանց կողմից բացարձակ անգործության ու նույնիսկ փաստաբանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի:

Ներկայումս գործող օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում կողմերին ընտանեկան վեճի դեպքում ընտրել վեճի կարգավորման բավականին արագ ու արդյունավետ մեթոդ՝ հաշտարարությունը, որտեղ գործում է գաղտնիության սկզբունքը, յուրաքանչյուր կողմ ունի հավասար ընթացակարգային իրավունքներ ու պարտականություններ, իսկ երրորդ, չեզոք ու անկողմնակալ կողմը՝ հաշտարարը պետք է ապահովի կողմերի շահերի միջև հավասարակշռություն և չպետք է մի կողմին դնի մյուսի նկատմամբ արտոնյալ դիրքում: Ընտրելով վեճի կարգավորման այս այլընտրանքային տարբերակը, կողմերը կարող են իրենց համար փոխշահավետ համաձայնություն ձեռք բերել և վեճը լուծել առանց ավելորդ դատական քաշքշուկների կամ որևէ հանձնաժողովի կողմից տրված եզրակացության՝ առաջնային հիմք ընդունելով հենց իրենց կամ մանկահասակ երեխաների շահերը և կոնֆլիկտը լուծել՝ ելնելով նրանց լավագույն շահերից:

Հաշտարարությունը վեճերի լուծման բավականին հին գործիք է, սակայն իր ներկայիս տեսքով այն առաջացել է 20 դարի երկրորդ կեսին և արագ տեմպերով ձեռք է բերել վեճերի լուծման ամենաարդյունավետ և ամենաարագ ձևերից մեկի կարգավիճակ: Ինչպես ցույց են տալիս արտասահմանյան երկրների մի շարք պաշտոնական վիճակագրություններ, 60%-ից մինչև 80% դեպքերում հաշտարարության միջոցով վեճերը լուծվում են 1-2 օրվա ընթացքում: Ի սկզբանե դրա հիմքերը դրվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, իսկ ավելի ուշ՝ Եվրոպայում:

Ներկայումս ՀՀ գործող օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում վիճող կողմերին օգտվել մասնագիտացված հաշտարարական ծառայություններից, խնայել իրենց ժամանակը և վեճի խաղաղ կարգավորման ու բանակցության միջոցով հասնել փոխհամաձայնության»: