Home / Հայաստան / Հայաստանյան ֆուտբոլային ակումբները Թուրքիայից հրաժարվեցին միայն Ռուսաստանից հետո

Հայաստանյան ֆուտբոլային ակումբները Թուրքիայից հրաժարվեցին միայն Ռուսաստանից հետո

Երևանյան «Փյունիկ» և «Բանանց» ֆուտբոլային ակումբները հրաժարվել են Թուրքիայում հավաքներ անցկացնելուց։ «Բանանցի» մամուլի ծառայությունն այդ առնչությամբ հայտնել էր, որ ակումբի ղեկավարությունը նոր տարբերակներ է փնտրում հավաքի անցկացման համար․ «Դիտարկվում են հավաքներն այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները: Հնարավոր տարբերակներից է Սոչին»։

Ավելի վաղ, «Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի հանդեպ հարգանքից ելնելով»՝ Թուրքիայում հավաքներից հրաժարվել էր նաև սերբական «Ցրվենա զվեզդա» ակումբը։ Բելգրադի թիմը մտադիր է այսուհետ մեկնել Կիպրոս՝ «ուղղափառ եղբայրների» մոտ։

Հայկական ֆուտբոլային ակումբներն արդեն երկար տարիներ հավաքներ են անցկացնում թուրքական հանգստավայրերում։ Ի լրումն մատչելի գների ու համապատասխան պայմանների, ակումբները հնարավորություն ունեն Թուրքիան ընտրած մի շարք այլ արտասահմանյան ակումբների հետ ստուգողական հանդիպումներ անցկացնել։

Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, հայաստանյան թե՛ մամուլի և թե՛ քաղաքականության հակաթուրքական ուղղվածությանը, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100֊ամյա տարելիցին, ինչպես նաև՝ «գնելով թուրքական ապրանքներ կամ թուրքական առողջարաններում հանգստանալով՝ դու ֆինանսավորում ես թուրքական բանակը» ոճի պարբերական բնույթ կրող արշավներին՝ հայաստանյան ակումբները որոշեցին Թուրքիան բոյկոտել միայն Ռուսաստանի ղեկավարության համապատասխան կոչից հետո։

Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսաստանյան Սու֊24 ինքնաթիռի ոչնչացումից հետո՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց Թուրքիայից եկող ահաբեկչական սպառնալիքների մասին, ինչի պատճառով «ռուսաստանցիներին խորհուրդ չի տրվում որևէ նպատակով այցելել այդ երկիր»։ Թուրքիայում հավաքներից հրաժարվել են նաև մոսկովյան «Սպարտակն» ու «Լոկոմոտիվը», ինչպես նաև՝ Մախաչկալայի «Անժին»։