Home / Հայաստան / «Նոր Հայաստանը» հայտարարեց շուրջօրյա նստացույցի մեկնարկի մասին

«Նոր Հայաստանը» հայտարարեց շուրջօրյա նստացույցի մեկնարկի մասին

Նոր Սահմանադրության նախագծի դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժումը, որը գլխավորում են «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոշում է կայացրել շուրջօրյա նստացույց սկսել Ազատության հրապարակում։ Երեկ երեկոյան շարժումը հանրահավաք, ապա Երևանի փողոցներով երթ անցկացրեց, որի ընթացքում վիճաբանության մի քանի դեպքեր և ոչ լուրջ բախումներ եղան երթի մասնակիցների և ոստիկանների միջև։ Մասնավորապես, ոստիկանները երթի ընթացքում փակեցին դեպի իշխող Հանրապետական կուսակցության շենք տանող ճանապարհը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր ծաղկեփնջով մոտենալ ՀՀԿ֊ի շենքին։

Մոտ 3 ժամ տևած երթից հետո շարժման առաջնորդները համակիրների հետ վերադարձան Ազատության հրապարակ և հայտարարեցին, որ հերթափոխով կգիշերեն այդտեղ։ Այսօր, ժամը 12։00-ին «Նոր Հայաստան» շարժման ղեկավարները կհանդիպեն լրագրողներին և քաղաքացիներին, ինչպես Հովհաննիսյանը նշեց, «տեղեկատվական երկխոսության» համար։ 18։00-ին Ազատության հրապարակում ևս մեկ հանրահավաք կանցկացվի։ Ինչպես ասել է Ժիրայր Սեֆիլյանը, դեկտեմբերի 1-ին իրենք գործընթաց են սկսել, որը պետք է բերի իշխանափոխության։

Ազատության հրապարակում հնչած իր ելույթում Սեֆիլյանը հայտարարել է․ «Մահ ռեժիմին»։

Նշենք, որ ոստիկանությունը արգելել է Ազատության հրապարակում մնացած անձանց վրաններ տեղադրել։ Գիշերը հրապարակում մի քանի տասնյակ մարդ է մնացել։