Home / Հայաստան / «Քանի ստեղ չէիք, սիրուն ընտրություն էր էթում»․ ընտրատարածքներում դժգոհ են դիտորդներից

«Քանի ստեղ չէիք, սիրուն ընտրություն էր էթում»․ ընտրատարածքներում դժգոհ են դիտորդներից

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8/27-28-29 ընտրատեղամասերն ընդհանրապես հարմարեցված չեն անվասայլակներով ընտրողների համար, ինչպես նաև ուղղորդումներ ենք նկատում»։ Այս մասին Civilnet.am-ի հետ զրույցում ասել է Humanrightstv.am կայքի դիտորդ Մամիկոն Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ այս տեղամասում ուղղորդումներ և բաց քվեարկություններ են տեղի ունենում, իսկ իրենք փորձում են վերահսկել ընտրությունների ընթացքը․ «Զուտ [ընտրողների] համարներն իրար տակ ենք գրում։ Էդ համարները նաև հասանելի են մուտքի մոտ ցուցակների մեջ։ Ուղղակի էսպես վերահսկում ենք՝ քանի հոգի եկան քվեարկելու, որ մահացածները չքվեարկեն, մեկը մյուսի տեղը չքվեարկի։ Էս մեթոդը մշակել է Transparency International-ը, որ այսպես վերահսկի, իսկ նրանք չեն թողնում»։

8/27 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Խանյան էլ (լուսանկարում) կարծում է, որ խոչընդոտներ ստեղծողները լրատվամիջոցներն ու դիտորդներն են․ «Այնտեղ կանգնում են, մարդկանց չի երևում յաշիկը [քվեատուփը]»։ Խանյանը մոտեցել է հանձնաժողովի անդամներին և, դիմելով լրագրողին, հարցրել․ «Իրավունք ո՞ւնի այ էս մեր ախպերը [մատնացույց է անում դիտորդներից մեկին] կանգնել այստեղ ու ձեռքը մտցնել այստեղ [ցուցակի մեջ]»։

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդն, իր հերթին, տեղեկացրել է, թե հանձնաժողովի անդամը դիտավորյալ փակում է ցուցակի այն մասը, որտեղ նշվում են ընտրողների հերթական համարները։

Զրուցակիցներին մոտեցել է անհայտ մի անձ։ Դիտորդը խդնրել է նրան ներկայանալ։ Տղամարդն ինչ-որ թուղթ է ցույց տվել նրան՝ ասելով․ «Ես հիմա ցույց կտամ, ես ով եմ։ Երկրորդն էլ՝ քանի դուք ստեղ չէիք, սիրուն ընտրություն էր էթում։ Դուք ավելի եք խանգարում։ Թողե՛ք, մենք նայում ենք։ Մենք ձեզնից լավ նայում ենք»։

Մանրամասները՝ Civilnet.am֊ի տեսանյութում․