Գլխավոր / Հայաստան / Աշխարհում նավթի գների անկումը ոչ մի կերպ չի ազդում ՀՀ բյուջեի վրա, զարմանում է Հրանտ Բագրատյանը

Աշխարհում նավթի գների անկումը ոչ մի կերպ չի ազդում ՀՀ բյուջեի վրա, զարմանում է Հրանտ Բագրատյանը

2015 թվականին 2014 թվականի համեմատ նավթի համաշխարհային գինը 137 դոլարից իջել է 37֊ի, ինչի շնորհիվ ՀՀ պետական բյուջեն պետք է մոտ 600 միլիոն դոլար տնտեսեր։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

«Մենք իրար աչքի չենք կարող թոզ փչել։ Գիտեք, որ այսօր նավթի առևտուրը սկսվեց 37 դոլարով, իսկ բնական գազն առանց տրանսպորտավորման 85 դոլար է։ Եթե 2014 թվականի հունիսի գներով հանրապետությանը պահանջվող վառելիքի ներմուծման համար 1 միլիարդի [դոլարի] կարիք ունեինք, հիմա հերիք է 420 միլիոն դոլարը։ Առաջանում է մոտ 600 միլիոնի էկոնոմիա։ Դա նշանակում է, որ հանրապետության առևտրային բալանսը դրա հետևանքով պետք է արագորեն բարելավվի, հիմա ինչի՞ տնտեսությունը չի աճում, ինչո՞ւ են մեր պայմանագրերն այնպես, որ գների այդպիսի կատաստրոֆիկ անկումը չի բերում բարելավման», — ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ 100 միլիոնը 3 տոկոս աղքատության կրճատում է, հետևաբար 600 միլիոն տնտեսելը նշանակում է 18 տոկոսով աղքատության նվազում․ «Ո՞վ է պատասխան տալիս սրա համար, ինչո՞ւ է տնտեսությունում սպասվում 2 տոկոս աճ, այլ ոչ 12 տոկոս»։

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշել է, որ 12 տոկոս աճը Հայաստանի այսօրվա տնտեսության համար իրատեսական չէ։

«Ավելի հաճելի բան չէր լինի՞, որ մենք 12 տոկոս տնտեսության աճ դնեինք, բերեինք այստեղ, սկսեինք եկամուտներ, սոցիալական խնդիրներ լուծել։ Բայց այն գործիքակազմը, որին տիրապետում է կառավարությունն այսօրվա դրությամբ, մեզ հնարավորություն չի տվել պետական բյուջեի նախագծում ՀՆԱ -ի աճը 12 տոկոս նախատեսել, որովհետև մենք կարծում ենք, որ դա ռիսկային է՝ անկախ նավթի գների ելևեջներից»։