Home / Հայաստան / «Առանձնապես յալվար չենք վարչապետի կամ նախարարի ելույթին»․ Փաշինյանը՝ կանոնակարգը պահելու մասին

«Առանձնապես յալվար չենք վարչապետի կամ նախարարի ելույթին»․ Փաշինյանը՝ կանոնակարգը պահելու մասին

Ինչո՞ւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում չեն՝ ներկայացնելու 2016 թվականի ՀՀ պետբյուջեի վերջնական տարբերակը։ Այս հարցն այսօր ԱԺ նիստի ժամանակ բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Բյուջեի քննարկման ընթացքում Փաշինյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, նաև հարցրել է, թե ինչու է վերջինս հղում անում Ազգային ժողովի կանոնակարգի վրա այն ժամանակ, երբ անջատում է ընդիմադիր պատգամավորների խոսափողը, սակայն ուշադրություն չի դարձնում կանոնակարգին վարչապետի և նախարարի բացակայության ժամանակ․ «Հիմա ես ձեզ ուզում եմ մեջբերել ԱԺ-ի կանոնակարգի 84–րդ հոդվածի 2֊րդ մասը, ըստ որի, բյուջեի նախագծի քննարկումը վերսկսելուց հետո վարչապետը կամ ֆինանսական ոլորտի լիազորված մարմնի ղեկավարը մինչև 1 ժամ տևողությամբ ելույթում ներկայացնում են նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներկայացված առաջարկությունները։ Հիմա ինչո՞ւ չի զեկուցում վարչապետը կամ ֆինանսների նախարարը, այլ [նախագիծը] ներկայացնում է Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը»։

Ի պատասխան, Գալուստ Սահակյանը պնդել է, որ ինքը ոչ թե ընդիմադիր պատգամավորների խոսափողն է անջատում, այլ այն պատգամավորների, որոնք «թեմայից դուրս են խոսում»։ ՀԱԿ խմբակցության պատգամավորն էլ ընդգծել է, որ երեկ, երբ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ֊ում մեկնաբանում էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը, ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը նրա խոսափողը չի անջատել, չնայած նախարարի ասածը քննարկվող թեմայից դուրս էր։ 

Պավել Սաֆարյանի այն դիտարկմանը, թե այսօր դեռ հնարավորություն կլինի վարչապետին լսել, Փաշինյանն արձագանքել է․ «Առանձնապես յալվար չենք վարչապետի կամ նախարարի ելույթին։ Մենք խոսում ենք կանոնակարգի պահպանման մասին»։