Home / Հայաստան / Քաղաքապետին խնդրում են բացառել խնամակալության հանձնաժողովների կամայականությունները

Քաղաքապետին խնդրում են բացառել խնամակալության հանձնաժողովների կամայականությունները

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրում է բացառել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից փաստաբանների նկատմամբ կամայականությունները։ Այս մասին նա նշել է քաղաքապետին ուղղված բաց նամակում։

Զոհրաբյանն ընդգծում է, որ Երևանի որոշ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ խոչընդոտում են փաստաբանների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացմանը՝ չթողնելով վերջիններիս՝ որպես իրենց վստահորդների ներկայացուցիչներ, մասնակցելու հանձնաժողովների նիստերին:

Որպես ապացույց Փաստաբանների պալատի նախագահը ներկայացնում է փաստաբան Անի Թորոսյանի հետ տեղի ունեցած դեպքը։

«Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի կողմից փաստաբան Անի Թորոսյանին խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստին մասնակցելն արգելելը՝ պատճառաբանելով, որ «փաստաբաններն ընտանիք են քանդում», «մեզ մոտ կարգն այդպես է», «ուր ուզում եք գնացեք և բողոքեք…»:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից փաստաբանների նկատմամբ կամայական դրսևորման հաջորդ եղանակներից մեկն էլ վերջիններիցս նոտարական կարգով հաստատված լիազորագիր ներկայացնելու պահանջն է, որը ևս իրավաչափ չէ։ Գտնում ենք, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից փաստաբանների նկատմամբ դրսևորվող ցանկացած կամայականություն ուղղակիորեն խոչընդոտում է վերջիններիս գործունեությանը, ինչն անթույլատրելի է», ֊ նշում է Զոհրաբյանը:

Վերջինս ընդգծում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն փաստաբանը փաստաբանական գործունեություն իրականացնելիս ազատ է կատարելու այն, ինչ արգելված չէ օրենքով և չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները:

Զոհրաբյանը նաև հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպես քրեորեն պատժելի արարք:

«Օրենքը փաստաբանական գործունեությունը դիտում է որպես իրավապաշտպան գործունեություն, որն ուղղված է իր վստահորդի իրավունքներն ու շահերը օրենքով չարգելված եղանակներով և միջոցներով պաշտպանությանը: Իսկ փաստաբանական գործունեությանը խոչընդոտելն առաջացնում է համապատասխան իրավական հետևանքներ…

…Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում ենք Ձեր համապատասխան հանձնարարականը Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, այսուհետ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից փաստաբանների նկատմամբ կամայականությունները վերացնելու և վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու (այդ թվում՝ նոտարական կարգով հաստատված լիազորագրեր պահանջելու) դեպքերը բացառելու ուղղությամբ», ֊ նշում է Արա Զոհրաբյանը: