Home / Հայաստան / Քննիչները պնդում են՝ զինվորը ինքնասպանության փորձ է կատարել․ ձերբակալվել են նրա ծառայակիցները

Քննիչները պնդում են՝ զինվորը ինքնասպանության փորձ է կատարել․ ձերբակալվել են նրա ծառայակիցները

2015 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Աբրահամյանը, հայտնում է Քննչական կոմիտեն: Ժամը 12:20-ի սահմաններում Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետև՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Աբրահամյանի վիճակը գնահատվում է ծանր:

Քննիչների համաձայն, Աբրահամյանը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով հետախուզական վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Հ.Եղիազարյանին պատկանող ինքնաձիգից։ Համաձայն քննության վարկածի, ինքնաձիգը դրված է եղել վաշտի պահեստանոցում։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր․օր֊ի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Դեկտեմբերի 10-ին գործի շրջանակներում 3 անձ է ձերբակալվել՝ շարքայիններ Ա.Կարապետյանը, Ս.Մելքոնյանը և Վ.Տեր-Վարդանյանը։

«Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները», ֊ նշում է Քննչական կոմիտեն: