Home / Տեսանյութեր / Ինչպես արտասահմանն արձագանքեց հայաստանյան հանրաքվեին

Ինչպես արտասահմանն արձագանքեց հայաստանյան հանրաքվեին

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Վահե Ղուկասյանն իր հոդվածում ներկայացնում է միջազգային կառույցների և այլ պետությունների՝ դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրության նախագծի հանրաքվեի ընթացքի և արդյունքների վերաբերյալ արձագանքը։

«Դեկտեմբերի 6-ին տեղի ունեղած Սահմանադրական հանրաքվեի ընթացքն ու արդյունքները տարաբնույթ քննարկումների առիթ են դարձել Հայաստանում և կարելի է փաստել, որ հասարակությունը, մեղմ ասած, թերահավատորեն է վերաբերվում դրա անցկացման թափանցիկությանն ու հրապարակված պաշտոնական արդյունքների ճշմարտացիությանը:

Հանրաքվեի անցկացման ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ սկսած դիտորդների ու լրագրողների նկատմամբ ճնշումներից, մինչև լցոնումներ և բազմակի քվեարկություններ: Այս իրավախախտումները եղել են այնքան ակնհայտ, որ Սահմանադրական հանրաքվեից արդեն գրեթե տասը օր է անցել, բայց դրանց շուրջ քննարկումները դեռ շարունակվում են հասարակության լայն շերտերում:

Բնականաբար՝ հանրաքվեն եղել է նաև միջազգային դիտորդական կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրության կենտրոնում: Քննարկենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արձագանքը հանրաքվեին:

Եվրոպա

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը, օրինակ, ընդհանրապես հանդես է եկել կարծիքով, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ չի էլ եղել: ԵԽԽՎ պատվիրակությունը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացումը «պայմանավորված էր ոչ թե Հայաստանի հասարակության կարիքներով, այլ քաղաքական շահերով…»: Միևնույն ժամանակ՝ ԵԽԽՎ պատվիրակությունը նշել է, որ հանրաքվեի անցկացման ընթացքում եղել են բազմակի քվեարկությունների, ընտրացուցակների անճշտությունների, ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգեր:

Դեկտեմբերի 10-ին հրապարակվել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ ԵՄ անդամ երկրների անունից տարածված հայտարարությունը, որում նշում է, որ առանց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների թափանցիկ քննության և դրանց հաստատման դեպքում խախտումների շտկման` դեկտեմբերի 6-ի հանրաքվեն կհանդիսանա մեկ այլ բաց թողնված հնարավորություն՝ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման և դրանց ամբողջականության ապահովման տեսանկյունից:

Իր հերթին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ է արել ՀՀ իշխանություններին լիարժեքորեն քննել ընտակեղծիքների մասին տեղեկությունները․ «Մենք իշխանություններին ընտրակեղծիքների վերաբերյալ պնդումների լիարժեք քննության կոչ ենք անում, որպեսզի հանրաքվեի գործընթացը արժանահավատ լինի» :

Սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղ գտած անօրինությունների մասին ավելի կոշտ է արտահայտվել Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի ներկայացուցիչ Լենե Վետելանդը. «Հանրաքվերի արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը և չեն կարող համարվել օրինական: Մենք հիասթափված ենք ինչպես քարոզարշավից, այնպես էլ բուն հանրաքվեից: Հանրապետական կուսակցությունը ճնշում է գործադրել ինչպես քվեարկողների, այնպես էլ լրագրողների վրա»:

ԱՄՆ

Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Մասնավորապես՝ ամերիկյան կողմը, թեեւ գոհունակություն է հայտնում «ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ», բայց եւ այնպես, ընդգծում է, որ անհրաժեշտ է անցկացնել ընտրակեղծիքների մասին անաչառ քննություն. «Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են եւ պետք է լիարժեք հետաքննվեն…»:

Հետաքրքրիր է, որ արդեն դեկտեմբերի 14-ին ԱՄՆ դեսպանատունը նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ամերիկյան կողմը շարունակում է հետեւել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին և կոչ է արել իրավապահներին՝ հանրաքվեի կեղծիքների մասով քննությունները վարել թափանցիկ ու հրապարակային: Բացի սա՝ ԱՄՆ դեսպանությունը, փաստացի, հայտարարել է, որ սահմանադրական հանրաքվեի անաչառ ընթացքին խոչընդոտած անձանց նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ. «ԱՄՆ-ն աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:

ԱՊՀ

Այս ամենով հանդերձ, սակայն, քչերը կզարմանան, որ Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքի վերաբերյալ բացառապես դրական գնահատականներ է հնչեցրել ԱՊՀ դիտորդական առաքելությունը: «Քարոզարշավի մթնոլորտը եղել է ազատ, իսկ հանրաքվեի քվեարկությունն անցել է հանգիստ»,- մասնավորապես՝ հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան՝ ընդգծելով, որ ամեն ինչ անցել է օրինականության սահմանում ու խաղաղ: Միեւնույն ժամանակ, նշենք, որ պաշտոնական Մոսկվայի կամ ՀՀ-ում ՌԴ դեսպանության կողմից հանրաքվեի անցկացման եւ արդյունքների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի հնչել:

ԱՊՀ դիտորդների այս մոտեցումը զարմանալի չի այն պատճառով, որ Հայաստանը, ժողովրդավարական լուրջ խնդիրներով հանդերձ, հանդիսանում է ԱՊՀ՝ առավել ժողովրդավար երկրներից մեկը, իսկ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նման երկրների դիտակետից, իրապես բավականին ժողովրդավար էր:

Հ.Գ. Երեկվա դրությամբ ՔԿ եւ ՀՔԾ վարույթում է գտնվում 17 քրեական գործ՝ կապված ընտրախախտումների հետ: Մի շարք իրավապաշտպաններ և փաստաբաններ, սակայն, կարծիք են հայտնում են, որ այս գործընթացն ընդամենը իմիտացիոն բնույթ է կրում և նպատակ է հետապնդում որոշակիորեն մեղմել Արևմուտքի, մեղմ ասած, ոչ դրական գնահատականները սահմանադրական հանրաքվեի նկատմամբ»: